Ըստ «Արմենպրեսի», էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարները հանդիպել են «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի` գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ եւ խոստացել հնարավոր ամեն ինչ անել կրճատումներից խուսափելու համար: Խնդիրը քննարկվել է նաեւ ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտայի հետ, որը խնդրել է սպասել, որպեսզի հարցը նորից քննարկի ձեռնարկության սեփականատեր «Դանդի փրեշ մետալս» ընկերության պատասխանատուների հետ: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնը գրություն է ստացել ձեռնարկությունից, որում, մասնավորապես, գրված էր, որ ««Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված կրճատում է աշխատողների թվաքանակը` 725 մարդու»: Գրության մեջ ձեռնարկության գլխավոր տնօրենը դա պայմանավորում է համաշխարհային շուկայում տիրող ֆինանսական ճգնաժամով, մասնավորապես` պղնձի եւ ցինկի գների կտրուկ նվազմամբ: Ձեռնարկության աշխատակիցների նոյեմբերի 8-ից հայտարարած անժամկետ գործադուլը շարունակվում է: