Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից հայտնի գործարար Գագիկ Աբրահամյանը , 2009 թ. բյուջեի քննարկման ժամանակ, հղում անելով վարչապետ Տ. Սարգսյանի ելույթին, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանից հետաքրքրվեց, թե կառավարության կողմից ֆինանսական երաշխիքներ տրամադրվե՞լ են արդյոք այս կամ այն ձեռնարկությանըՙ որպես արդեն սկսված ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամին դիմակայելու միջոց, եւ որքա՞ն գումարի մասին է խոսքը: Տ. Դավթյանն այդպիսի օրինակ չուներ` ֆինանսական երաշխիքներ կամ պետական վարկեր որպես կանոն չեն տրամադրվել` ազատ տնտեսական քաղաքականության տրամաբանությունից ելնելով: Իսկ ճգնաժամին դիմակայելու լրացուցիչ ռեսուրսներ նախատեսված են բյուջեով, օրինակ` կառավարության պահուստային ֆոնդ, որը չնախատեսված ծախսերի համար է, մակրոտնտեսական առումով էլ` փոքր դեֆիցիտի նախատեսումն է (1 տոկոս), որի շնորհիվ, ըստ նախարարի, լավ ստարտային պայմաններով ենք մուտք անելու 2009: Բյուջեն ազատ մնացորդ ունի ԿԲ-ում եւ այլ հնարավորություններ, մեծ ծավալով վարկային միջոցներ էլ են ներգրավվելու ՀԲ-ից եւ ԱՄՀ-ից (նոր վարկային ծրագրի մասին խոսեց):
Գ. Աբրահամյանը շարունակեց` արտահանող ձեռնարկությունները մեռնելու գործընթաց են սկսել Հայաստանում, մինչեւ այդ լրացուցիչ վարկային միջոցները` ծրագրում նախատեսված վարկային ռեսուրսների մասին է խոսքը, կառավարության կողմից երաշխիքներ տրամադրելու. «Դա ե՞րբ կլինի` երկար ասացիք, բայց կոնկրետ ժամկետ չնշեցիք»:
Նախարարը կոնկրետ ժամկետ չկարողացավ նշել, բայց հստակեցրեց, որ դա վերաբերում է արտահանող որոշ ճյուղերի` որոնցում դժվարություններ կան, ասենք` լեռնամետալուրգիական ոլորտի ձեռնարկությունները, այն ոլորտները, որոնք կախված են համաշխարհային շուկայում ձեւավորված գնային դաշտից: Պղնձի գների նվազում կա համաշխարհային շուկայում, որոշ չափով նաեւ ադամանդագործությունում այդպիսի միտում կա, այդ ոլորտներում գների նվազման տենդենցները վերջին տարիներին շարունակվում են: Հիմնականում մեկ-երկու ոլորտների մասին է խոսքը: Հայաստանին մեծ չափով կօգնի տնտեսության դիվերսիֆիկացումը, որը վերջին տարիներին առկա էր. այս կամ այն ոլորտի ծավալներում եւ համաշխարհային շուկայում պրոբլեմներ առաջանալու պարագայում այլ ճյուղեր էին զբաղեցնում այդ տեղը, դառնալով որոշակի լոկոմոտիվ մեր տնտեսությունն առաջ տանելու: Մի ժամանակ դա ադամանդագործությունն էր, լեռնամետալուրգիան, շինարարությունը: Կան, ուրեմն, ոլորտներ, որոնք առավել խոցելի են այս ճգնաժամի պարագայում: Բայց կան նաեւ կայուն ոլորտներ, օրինակ` սննդի արդյունաբերությունը, ՏՏ ոլորտը հումքի հետ կապակցված չէ: Իսկ, օրինակ, լեռնամետալուրգիայի ոլորտն առավել խոցելի է, որտեղ ունենք խնդիրներ, եւ աջակցության ձեւեր ենք որոնում:
Մ. Խ.