«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2008-11-11 | #209, 2008-11-12 | #210, 2008-11-13


ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում երեկ քննարկվել են մանկական սննդի եւ ձկնատեսակների շուկաների ուսումնասիրության արդյունքները: Մինչ այդ հանձնաժողովն անդրադարձել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ մսամթերքի արտադրության «Նատֆուդ» ընկերության դիմումին եւ նրանց ներկայացրած համակենտրոնացման հայտարարագրին:

Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի հաղորդագրությունից, ՎԶԵԲ-ը պատրաստվում է գնել «Նատֆուդի» նոր թողարկված բաժնետոմսերը, որոնք կազմելու են ընկերության կանոնադրական կապիտալի 28,3 տոկոսը: Ներդրումները ուղղվելու են նոր սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը: Գործարքի առնչությամբ հանձնաժողովն այն եզրակացությանը եկավ, որ ի հայտ չեն եկել համակենտրոնացումն արգելելու հանգամանքներ եւ որ այն չի սահմանափակում մրցակցությունը:

Ձկնատեսակների շուկայում առանձնացվել են երկուՙ «իշխան եւ կարմրախայտ» եւ «թառափազգիներ» շուկաները: Դրանցից առաջինում 2006-ի ուսումնասիրության արդյունքներով գերիշխող դիրք ունեցող է ճանաչվել «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունը: 2007-ին այս ոլորտում գործող 74 ընկերություններից ստացված տեղեկատվության համաձայն, «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունը պահպանել է առաջատարի դիրքըՙ 18 տոկոս իրացման ծավալներով, բայց այլեւս չունի գերիշխող դիրք: Նրան հաջորդում են «Ա. Հովհաննիսյան» ընկերությունըՙ 16 տոկոս եւ «Սպիտակ դելֆինը»ՙ 9 տոկոս:

«Թառափազգիներ» շուկայում 18 տնտեսվարողներից երկուսըՙ «Ա. Հովհաննիսյան» եւ «Արթուր Տաթեւիկ» ընկերությունները, 38 եւ 33 տոկոս իրացման ծավալներով ճանաչվեցին գերիշխող դիրք ունեցողներ:

Մանկական սնունդ ապրանքատեսակներից առանձնացվել է 4 ապրանքային շուկա: Դրանցից առաջինումՙ «մայրական կաթին փոխարինող կերերի» շուկայում գործող 7 ընկերություններից, 2008-ի առաջին կիսամյակում իրացման ամենամեծ ծավալներն ունեն «Հայր եւ որդի Երիցյանները»ՙ 34 տոկոս, «Ալեքս գրիգը»ՙ 25 տոկոս եւ «Սալեքս գրուպը»ՙ 24 տոկոս: Գերիշխող դիրք ունեցող է ճանաչվել «Հայր եւ որդի Երիցյանները»: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող ընկերությունները պատկանում են նույն սեփականատիրոջըՙ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

«Մանկական հյութեր» շուկայում «Սալեքս գրուպն» ակնհայտ առաջատար է իրացման ծավալներովՙ ընդհանուրի 60 տոկոսը: Երկրորդ տեղում «Ալեքս գրիգն» է 36 տոկոսով: Փաստորեն, այս շուկայում Սամվել Ալեքսանյանի ընկերությունները միասին զբաղեցնում են իրացման 96 տոկոսը եւ ճանաչվեցին որպես գերիշխող դիրք ունեցողներ:

«Մանկական շիլաների» շուկայում գործող 6 ընկերություններից հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցող համարեց «Սլավէքս» ընկերությանըՙ իրացման ընդհանուր ծավալում 33 տոկոս բաժնով, որին հաջորդում են «Հայր եւ որդի Երիցյանները» եւ «Սլավ ֆուդ ինտերնեյշնլը»:

Եվ վերջապես, «մանկական խյուսերի (շիլաների)» շուկայում առաջին երկու տեղերը զբաղեցնում են «Ալեքս գրիգը»ՙ իրացման ծավալների 68 տոկոս բաժնով եւ «Սալեքս գրուպը»ՙ 27 տոկոս բաժնով: «Ալեքս գրիգը» ճանաչվեց գերիշխող դիրք ունեցող:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4