Զիլճյանները ծնծղա արտադրող վարպետների ընտանիք են եղել Թուրքիայում` սկսած 15-16-րդ դդ.-ից: Ավետիս Զիլճյանը Կոստանդնուպոլսում մետաղների (անագ, պղինձ) որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք` ծնծղա պատրաստելու համար: Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդե-սերունդ փոխանցվել է միայն ընտանիքի արու զավակներին: Նրանց պատրաստած ծնծղաներն իրենց դիմացկունությամբ եւ հնչյունային նրբությամբ գերազանցել են եվրոպական եւ ամերիկյան ամենանշանավոր մակնիշների արտադրանքը, եւ արժանացել բազմաթիվ շքանշանների ու պատվոգրերի: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նրանց արհեստանոցը այժմ գտնվում է Նորթ Քուինս քաղաքում (Մասաչուսեթս):
Ընտանեկան բիզնեսի բնագավառում ամենաերկար կենսագրություն ունեցողներից մեկն է, եթե ոչ միակը: 10 տարի առաջ, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 11-ի լրատվության, ընտանիքը հիմնում է հարվածային գործիքներում խոշոր ներդրումներ ունեցողների համար «Արժանի վաստակի» մրցանակաբաշխությունը, որն այս տարի առաջին անգամ տեղի է ունենալու Անգլիայում, լոնդոնյան «Շեփըրդս Բուշ Էմփայր» հյուրանոցային համալիրում` դեկտեմբերի 7-ին:
Անգլիական «Ռիթմ մագազինի» եւ «Յամահա մյուզիք» հաստատության հովանավորությամբ անցկացվող հանդիսությունը բացելու պատիվը տրվել է լեգենդար Ջինջեր Բեյքրին, որին ընկերակցելու են «Քրիմ» նվագախմբից Ջեկ Բրուսը եւ աֆրիկացի լեգենդար Թոնի Ալենը: Լոնդոնի հարավում ծնված Բեյքրը «Զիլճյան դափնեկիրների» շարքին է դասվելու եւ մրցանակի արժանանալու 1960-ականներից սկսած (երբ միացավ ամենահաջողակ եւ ամենաազդեցիկ խմբերից` «Քրիմին») իր անգնահատելի ներդրումների համար: Բեյքրն իր գործընկերներ Էրիկ Քլեփթոնի եւ Ջեկ Բրունի հետ արդեն իսկ ունի 5 ոսկե ալբոմների եւ մեկ պլատինե սկավառակի հարուստ հավաքածո:
Հանդիսությանը ներկա են գտնվելու նաեւ համաշխարհային ճանաչման արժանացած թմբկահարներ Սթիվ Ուայթը, Սայմոն Ֆիլիպսը եւ Քիթ Կարլոքը:
Հ. Ծ.