Հասարակությանը կրթելու Հանրային հեռուստատեսության դերի մասին ամենուր հնչող խոսակցությունները վերջ չեն ունենա, քանի դեռ հեռուստաեթերը լցված չէ խելամիտ խոսք ու զրույցով, ազնիվ ու ներշնչող դեմքերով, բանիմաց ու խոհեմ մարդկանցով, որոնք պիտի գան ջարդելու այն մոլորված պնդումները, թե մեր հասարակության մտավոր պահանջները ցածր են ու նրան կարելի է գոհացնել միայն սրտաճմլիկ սերիալներ, կատաղի մարտաֆիլմեր, ռաբիսախառն «թեժ տասնյակներ» ու նման այլ բաներ ցուցադրելով: Ու երբ հայտնվում են մարդիկ, որոնց հաջողվում է ստեղծել հասարակության լայն շերտերին, հատկապես դպրոցականներին կրթող հաղորդում, իսկույն եւեթ նվազում ու չքանում են հովանավորները:
«Հայ ասպետ» հաղորդումը ծնվել է շնորհիվ այն մարդկանց, ովքեր երկար տարիներ երազել են բարին ու լուսավորը տարածելու եւ հեռուստաեթերը սերունդ կրթելու լավագույն միջոց դարձնելու մասին: Լրագրող Կարին Տոնոյանը եւ մշակույթի նախկին նախարար, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը «Հայ ասպետով» ցանկացել են բոլորին ապացուցել, որ զորեղ ցանկություն ունենալու դեպքում հնարավոր է ստեղծել հայագիտական բովանդակությամբ հաղորդումՙ ուսանելի ոչ միայն դպրոցականների, այլեւ մեծահասակների համար: Չորս անգամ եթեր դուրս գալուց հետո հաղորդումը ձեռք է բերել այնպիսի բարձր վարկանիշ, որ Հանրայինի ղեկավարությունը որոշել է կրկնել շաբաթական 2 անգամ: «Միշտ խոսակցություններ են հնչում, որ հեռուստատեսային ուսանելի հաղորդումներ չկան դպրոցականների համար: Այս հաղորդաշարը ցույց տվեց, որ դրա կարիքն, իրոք, շատ մեծ էրՙ հանրապետության բոլոր մարզերում այսօր երեխաները «Հայ ասպետ» են խաղում: Հ1 հեռուստաընկերության ղեկավարի խոսքով, սա այն հաղորդումներից է, որն ունի ե՛ւ բարձր վարկանիշ, ե՛ւ հարուստ բովանդակություն, մի բան, որ հազվադեպ է պատահում մեր եթերում», ասում է Գեւորգ Գեւորգյանը :
Կարին Տոնոյանի նախագիծը հազիվ թե վերածվեր հաղորդաշարի, եթե Գեւորգյանը դրա իրականացման համար գործի չդներ պետական կառույցների հետ իր շփումները: «Ուրախությամբ պիտի նշեմ, որ դրականորեն արձագանքեց նախարարությունների մեծ մասը, նաեւ Երեւանի քաղաքապետարանը, իսկ Հ1 -ը տրամադրեց տեխնիկական միջոցներ ու եթերաժամ: Ծրագիրը մեծ ծախսեր պահանջեց, որի համար պետք էր ներգրավել հովանավորների, սակայն խոշոր ընկերություններից մեզ աջակցեց միայն «Բիլայնը»: Սկսեցինք աշխատել շատ ծանր պայմաններում, բնավ չէինք պատկերացնում, որ այդպիսի տաղավարի համար կարիք կունենանք մեծ միջոցների: Հեռուստատեսային տաղավարի փոխարեն ընտրեցինք Արզնու առողջարանի ճեմասրահը, որը կարծես ձմեռային այգի լինի, տարածքը 1000 քմ է, բավականին շքեղ, իսկ ամենակարեւորըՙ հնարավորություն տվեց ստեղծելու դպրոցական միջավայրՙ գրադարաններով, գրատախտակով, քարտեզներով: «Հայ ասպետը» մեծ ալիք է առաջացրել հանրապետությունում, որովհետեւ հայագիտական գիտելիքներից բացի սովորեցնում է նաեւ վարվեցողություն, ընկերասիրություն, այսինքնՙ դպրոցականներին կրթում է լայն իմաստով: Բացի այդ, ունի պետական նշանակություն, քանի որ ստեղծել է պետություն - դպրոց- հասարակություն կապը, մասնակից դարձրել ակադեմիայի գիտաշխատողներինՙ Ժյուրիի կազմում ընդգրկվել են ԳԱ ազգային ակադեմիայի լավագույն մասնագետները: Իմ կարծիքով, սա այն նախագիծն է, որը պետք է ֆինանսավորի պետությունը: Ի սկզբանե նախատեսել էինք, որ հաղորդման ժամանակ չեն լինելու լոտոների կամ արտասահմանյան ապրանքների գովազդներ, մտադիր էինք գովազդել միայն հայրենական արտադրության ապրանքները, բայց, դժբախտաբար, այսօր հայտնվել ենք բարդ կացության մեջ, որովհետեւ մեր գործարարները մեզ հովանավորելու ցանկություն չեն հայտնում, իսկ մյուսների առաջարկները մերժում ենք», հավելում է Գեւորգյանը:
Հենց այդ պատճառով «Հայ ասպետի» համար հիմա բարդ շրջան է սկսվել, որովհետեւ մինչեւ դեկտեմբերի 15-ը պետք է նկարահանել մի քանի հաղորդում, նկատի առնելով ձմռան բերած տեղաշարժվելու դժվարությունները: Ակնկալում էին ֆինանսական աջակցություն ստանալ պետբյուջեից, սակայն ներկա պահին դա հնարավոր չէ, եւ մինչեւ ապրիլ ամսվա հաղորդումները նկարահանելը դարձել է անհնարին: Ամեն մի նկարահանման ժամանակ մեծ խումբ է աշխատում, կեցության ծախսերը բավականին շատ են, հիմա փորձում են լուծել ջեռուցման խնդիրը:
«Արդեն ձմեռ է, իսկ հեռավոր շրջաններից, հատկապես Սյունիքից, Տավուշից մեծ թվով մասնակիցներ են գալիս: Առայժմ հաղորդմանը մասնակցել է հանրապետության դպրոցների 10 տոկոսը, ամեն անգամ մասնակցում է 3 թիմ: Մտածում ենք դարձնել շարունակական, ներգրավել նաեւ բուհի ուսանողներին, բայց, չգիտես ինչու, այսպիսի հաղորդումները հովանավորներ քիչ են ունենում: Հանրային հեռուստաընկերությունը ցանկություն է հայտնել հաջորդ տարվանից հովանավորելու հաղորդումը, բայց առանց պետական աջակցության ուղղակի չենք կարող շարունակել», ասում է Գեւորգյանը:
Մեր դպրոցականների ոգին բարձրացնող «Հայ ասպետը», անշուշտ, պետք է մնա Հանրայինի եթերում, իսկ դրա համար «Բիլայն» ընկերության կողքին հնարավորինս շուտ պետք է հայտնվեն նաեւ մեր գործարարները: Հայագիտական գիտելիքներ քարոզելու համար գումար խնայելը պատիվ չի բերում եւ ոչ մի մեծահարուստի:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ