Իրաքահայ համայնքը մինչեւ 2003-ի պատերազմը 25-30 հազար էր: Այսօր արդեն մոտավոր հաշվարկներով Իրաքում 15-16 հազար է հայերի թիվը: Վերջին տարիներին դանդաղ, բայց կայուն կերպով սկսվեց իրաքահայության ներգաղթ հայրենիք: Շատերը, չնայած դժվարություններին, կարողացան աշխատանք գտնել, նոր աշխատատեղեր ստեղծել, ընտանիք կազմել ու զավակներ ունենալ երազած հայրենիքում: Այսօր նրանց թիվը Հայաստանում հասել է 900-ի: Անցած տարվա վերջին, նպատակ ունենալով իրաքահայերին շաղախելու հայրենի կյանքին եւ միաժամանակ լուծելու բազում դժվարություններ, որոնց հիմնական մասը ծագել է նոր միջավայրին անտեղյակ լինելուց: ԳԱ ակադեմիայում Երջանիկ Ստեփանյանի նախաձեռնությամբ մի հավաք է տեղի ունեցել, որի ընթացքում առաջարկվել է միություն ստեղծել, ժամանակավոր մարմինըՙ վարչությունը ստեղծել է ներքին կանոնադրություն, որը ընդունել է նաեւ հիմնադիր ժողովը: Մայիսի 4-ին նոր վարչության ընտրությունից հետո «Իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպությունը» արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվեց հուլիսի 15-ին: Կազմակերպության նախագահ ընտրվեց Վարանդ Պետրոսյանը:
Նոյեմբերի 10-ին Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դահլիճում «Իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպությունը» հրավիրել էր գրական-գեղարվեստական երեկոյի: Երեկոն նվիրված էր միության հիմնադրմանը, որը շարունակությունն էր թարգմանչաց միջոցառմանը: Անդրանիկ երեկոն իր օրհնության խոսքով ու Տերունական աղոթքով սկսեց Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Հակոբ քահանա Խաչատրյանը:
Այնուհետեւ իրաքահայերի անցյալի եւ ներկայի մասին բանախոսեցին միության նախագահ Վարանդ Պետրոսյանը, դասախոս Արա Աչյանը եւ ուրիշներ: Բանախոսները տեղեկություններ տվեցին իրաքահայերի առաջին գաղթօջախի մասին, որը հիմնվել է 762 թ. Քրիստոսի ծննդից առաջ: Այնուհետեւ թվելով հայկական եկեղեցիները, գերեզմանատները, վանքերը, դպրոցները եւ մշակութային օջախները, տեղեկացրին, որ Իրաքի հայկական համայնքը մշտապես եղել է կուռ ու միաբան, իր հոգեւոր հայրերի գլխավորությամբ:
Պրն Պետրոսյանը իր ելույթը ավարտեց հետեւյալ խոսքերով. «Մեր մեծերը հայ գիրն ու մշակույթը մեզ փոխանցելով մեր մեջ սերմանեցին, որ հայ լինելը անողոք եւ հերոսական բան է, ճակատագիր է եւ պատգամ, դարերի խորքից եկած հրամայական պատգամ: Հենց այդ պատգամով էր, որ սերունդները գոյատեւեցին, լինի հայրենի հողում, թե աշխարհասփյուռ, ստեղծելով մշակույթի ու կրթական օջախներ, որոնցից մեկը «Իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպությունն» է, որի նպատակն է իրաքահայ զավակներին սատարելն ու նրանց փոխանցելը այն գիտակցությունը, որ ոտքի տակ սեփական հող եւ թիկունքին սեփական հայրենիք ունեցող մարդը ավելի զորավոր կզգա ինքն իրեն»: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան գեղարվեստական խմբեր, անհատ կատարողներՙ մեծ մասամբ իրաքահայեր:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ