«PBS հեռահաղորդակցական ցանցի թողարկած «Ամերիկահայերը» ֆիլմից հետո Մ. Նահանգների հայ համայնքը մի բացառիկ առիթ եւս ստանում է ներկայանալու ամերիկյան հասարակությանը», գրում էԹալին ԲաբայանըՆյու Յորքից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 18-ի համարում: Երկրով մեկ դեկտեմբերի 7-ին ցուցադրվելու է ABC ընկերության նկարահանած «Բոլորն աղոթում են Սուրբ Էջմիածնում» վերնագրով վավերագրական ֆիլմը:
Եկեղեցիների ազգային խորհրդի եւ ԱՄՆ-ի հայկական եկեղեցու արեւելյան թեմի ղեկավարության ներքո «Դիվա Կոմյունիքեյշնզ» ընկերության արտադրած ֆիլմը պատմելու է Հայ եկեղեցու պատմական անցյալի ու հոգեւոր ժառանգության մասին, հատուկ ուշադրություն բեւեռելով քրիստոնեական միասնությունը խթանելու Հայոց եկեղեցու ջանքերի վրա:
«Սա հրաշալի հնարավորություն է իրազեկելու աշխարհին մեր դարավոր պատմության մասին: Մեր եկեղեցին հին է եւ առաքելական, պահպանել է իր ավանդույթները, բայց նաեւ համահունչ քայլում է ներկա ժամանակների հետ: Հայկական եկեղեցին վաղուց է ներգրավված միջազգային էկումենիկ շարժման գործունեություններում», նշել է Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը:
«Բախտավոր ենք, որ հայ համայնքի երեւելի բարերարներից առատաձեռն օգնություն ստացանք ֆինանսավորելու այս ծրագիրը: Նաեւ երախտապարտ ենք Ամենայն հայոց կաթողիկոսին իր անվերապահ աջակցության համար», ավելացրել է Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ռեյչլ Կոշկարյանը:
Ֆիլմում բացի Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ից եւ վերոհիշյալ երկու անձնավորություններից, ներկայացված են նաեւ, ըստ լրատվության, հայ եւ օտար համայնքների կարկառուն դեմքերը` Կառնեգի կորպորացիայի պրեզիդենտ Վարդան Գրիգորյանը, Մետրոպոլիտեն թանգարանի վաղ քրիստոնեական շրջանի մասնագետ Հելեն Էվանսը, Եկեղեցիների ազգային խորհրդի պրեզիդենտ Վիգեն արք. Այքազյանը, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելը, ՀՀ-ում Մ. Նահանգների նախկին դեսպան Մայքլ Լեմոնը, «Խղճի կանչը» ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր ռաբբի Արթուր Շնեյերը եւ ուրիշներ:
Ֆիլմի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել «http://abc.go.com/site/localstations.html» կամ «http://www.interfaithbroadcasting.com/vv.aspx» կայքերը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ