«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2008-11-11 | #209, 2008-11-12 | #210, 2008-11-13


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՁԳՏԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՆՎԱՃԱԾ ԴԻՐՔԵՐԸ

Դրեզդենում մեկնարկում է շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադան

Շախմատասերների ուշադրությունն այսօրվանից կբեւեռվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքին, որտեղ մեկնարկում է շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադան: Օլիմպիական պարգեւների համար մրցավեճի կբռնվեն տղամարդկանցՙ 156, կանանց 119 հավաքականներ: Գերմանիան որպես կազմակերպիչ երկիր, երկու մրցաշարերում կներկայացնի երեքական թիմ: Չեմպիոնները հայտնի կդառնան նոյեմբերի 25-ին, երբ կկայանա ավարտականՙ 11-րդ տուրը: Թիմերից յուրաքանչյուրում թույլատրվել է հայտավորել 5 շախմատիստի, որից մեկը պահեստային կլինի:

Իհարկե, հայ շախմատասերներն առանձնակի հետաքրքրությամբ են սպասում մեր հավաքականների մրցելույթներին: Սպասելիքները հատկապես մեծ են Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը 2 տարի առաջ Թուրինում կայացած շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում աննախադեպ հաջողության էր հասելՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Ինչ խոսք, Դրեզդենում հաջողությունը կրկնելը շատ դժվար կլինի, մանավանդ որ թիմից բացակայում է կյանքին վաղաժամ հրաժեշտ տված Կարեն Ասրյանը, որի ավանդը մեծ էր նախորդ օլիմպիադայում մեր հավաքականի հաջող մրցելույթներում: Սակայն մեր շախմատիստները վճռականորեն են տրամադրված եւ, հուսով ենք, որ ամեն ինչ կներդնեն պատվով դուրս գալու դժվարին քննությունից:

Օլիմպիադային մեր հավաքականները նախապատրաստվել են Ջերմուկում: Տղամարդկանց հավաքականը գլխավորում է Լեւոն Արոնյանը, որը մեր շախմատիստներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2757): Երկրորդ խաղատախտակի վրա հանդես կգա Վլադիմիր Հակոբյանը (2679): Թիմի կազմում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (2642), Տիգրան Պետրոսյանը (2629) եւ Արտաշես Մինասյանը (2541): Թիմի մարզիչն է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Կանանց հավաքականում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Էլինա Դանիելյանը (2513), Լիլիթ Մկրտչյանը (2443), Նելլի Աղինյանը (2325), Լիլիթ Գալոյանը (2305) եւ Սիրանուշ Անդրեասյանը (2290): Հավաքականի մարզիչն Արսեն Եղիազարյանն է:

Ինչպես միշտ, մեր տղամարդկանց հավաքականի գլխավոր հակառակորդներից մեկը Ռուսաստանի ընտրանին է, որն իր միջին վարկանիշով (2756) օլիմպիադայի մասնակից թիմերի մեջ գրավում է առաջին տեղը: ՌԴ հավաքականում հանդես կգան Վլադիմիր Կրամնիկը (2772): Ալեքսանդր Մորոզեւիչը (2787), Պյոտր Սվիդլերը (2727), Ալեքսանդր Գրիշչուկը (2719) եւ Դմիտրի Յակովենկոն (2737): Ինչպես տեսնում եք, բոլորն էլ 2700-ից բարձր անհատական վարկանիշ ունեն: Երկրորդ ցուցանիշն (2729) ունեն ուկրաինացիները, որոնք օլիմպիադային ներկայացել են հետեւյալ կազմով. Վասիլի Իվանչուկ (2786), Սերգեյ Կարյակին (2730), Պավել Էլյանով (2720), Զախար Եֆիմենկո (2680), Անդրեյ Վոլոկիտին (2659): Ուժեղ կազմ ունեն նաեւ Չինաստանը (2714) եւ Ադրբեջանը (2709): Հայաստանի տղամարդկանց հավաքականը միջին վարկանիշով (2677) 9-րդ տեղում է: Բացի վերը նշված հավաքականներից, մեր ընտրանուն վարկանիշով գերազանցում են նաեւ Հունգարիան (2692), Բուլղարիան (2691), Ֆրանսիան (2690) եւ Իսրայելը (2682):

Շախմատիստներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի բուլղարացի Վեսելին Թոփալովը (2791): Լավագույն տասնյակում են նաեւ Ալեքսանդր Մորոզեւիչը (2787), Մագնուս Կառլսենը (2786), Վասիլի Իվանչուկը (2786), Վլադիմիր Կրամնիկը (2772), Լեւոն Արոնյանը (2747), Դմիտրի Յակովենկոն (2737) եւ Յու Վանգը (2736):

Լեւոն Արոնյանն իր վարկանիշով 6-րդն է: 100 ուժեղագույնների ցանկում են նաեւ Վլադիմիր Հակոբյանը (35-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (56-րդ) եւ Տիգրան Պետրոսյանը (69-րդ):

Կանանց մրցապայքարում չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներ են համարվում Ռուսաստանի (միջին վարկանիշըՙ 2491), Ուկրաինայի (2486), Չինաստանի (2486) եւ Վրաստանի (2476) թիմերը, որոնք իրենց վարկանիշով զբաղեցնում են 1-4-րդ տեղերը: Հայաստանի կանանց հավաքականն իր վարկանիշով (2397) 6-րդ տեղում է: Ռուսաստանի հավաքականի կազմում են շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը, Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Եկատերինա Կորբուտն ու Ելենա Թահիրովան: Վրաստանի հավաքականը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն, որի թիմակիցներն են Նանա Ձագնիձեն, Լելա Ջավախիշվիլին, Մայա Լոմինեյշվիլին եւ Սոֆիկո Չուխաշվիլին:

Շախմատիստուհիներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի չինացի Հոու Իֆանը (2578): Էլինա Դանիելյանն այդ ցանկում 2513 վարկանիշով 7-րդ տեղում է: Նրանից ավելի բարձր վարկանիշ ունեն նաեւ Պիա Կրամլինգը (2550), Անտուանետա Ստեֆանովան (2548), Մարիա Սեբագը (2533), Ալեքսանդրա Կոստենյուկը (2525) եւ Հուե Ցհաոն (2518):

100 ուժեղագույնների ցանկում ընդգրկված են նաեւ Լիլիթ Մկրտչյանը (28-րդ տեղ), Նելլի Աղինյանը (77-րդ) եւ Լիլիթ Գալոյանը (95-րդ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4