Լիվերպուլում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանին առաջին մեդալը պարգեւեց Հովհաննես Դանիելյանը: Մինչեւ 48 կգ քաշային բռնցքամարտիկն առաջին իսկ ելույթով իր համար նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալը: Նա 7-3 հաշվով հաղթեց անգլիացի Դարան Լանգլեյին:
Բանն այն է, որ քաշային այս կարգում Եվրոպայի առաջնությունում ընդամենը 11 բռնցքամարտիկ է հայտավորված, ուստի նրանք պայքարը սկսեցին 1/8 եզրափակիչից: Վիճակահանությամբ Դանիելյանն այդ փուլում ազատ էր եւ նա պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից: Այժմ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ բռնցքամարտիկը կմրցի հունգարացի Իշտվան Ունգվարիի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են իսպանացի Խոսե Լինարեսն ու թուրք Էրհատ Փեհլիվանը: Լինարեսը պայքարից դուրս մղեց լեհ Լուկաշ Մասչուկին (7-3), իսկ Փեհլիվանը պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կազակովին (2-1):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ