«Փյունիկի» մարզադպրոցի երկու թիմեր` 1994 եւ 1995-ի ծնված ֆուտբոլիստները Սուրեն Չախալյանի գլխավորությամբ հաջող հանդես եկան Դագոմիսում անցկացված պատանեկան մրցաշարում:
1994-ի ծնված պատանիների թիմը մրցաշարում երկու հաղթանակ տոնեց` առավելության հասնելով «Թերեքի» (3-0) եւ «Իժեւսկի» (1-0) նկատմամբ: Եզրափակիչում «Փյունիկը» 0-2 հաշվով պարտվեց «Չելյաբինսկին» եւ գրավեց 2-րդ տեղը:
Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրին նաեւ 1995-ին ծնված պատանի ֆուտբոլիստները: Նրանք հաջորդաբար պարտության մատնեցին Սանկտ Պետերբուրգի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի դպրոցի թիմին (5-1), «Կրասնոդարին» (1-0), «Ազովին» (4-0) եւ Մոսկվայի «Ռոսիչին» (12-0): Ցավոք, հայ պատանիներին չհաջողվեց վճռորոշ խաղն էլ շահել: Նրանց հաղթարշավն ընդհատեց Կրասնոդարի «Կուբանը»` հայ պատանիներին հաղթելով 2-1 հաշվով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ