«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Վերջին ամիսներին, հատկապես ռուս-վրացական բախումից հետո, այն տպավորությունն էր գերակայում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն, եւ եկել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման համար նոր ձեւաչափ փնտրելու ժամանակը: Նման տպավորության մի պատճառն էլ այն էր, որ Մինսկի խմբի համանախագահներն ի դեմս Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի` անսպասելիորեն ձեռնարկեցին տարածաշրջանային անհատական այցեր: Հերթական համատեղ այցելությունը, սակայն, ցույց տվեց, որ Մինսկի խմբի դերակատարությունը չի նվազել:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունից, նոյեմբերի 15-ին եռանախագահները Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը շեշտել է, որ կարգավորման գործընթացն անհնար կլինի համապարփակ դարձնել առանց ԼՂՀ մասնակցության, հատկապես հաշվի առնելով, որ Ղարաբաղն ունի իր տեսակետը կարգավորման վերաբերյալ: Համանախագահները վերահաստատել են այն մոտեցումը, ըստ որի` միայն Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի համաձայնությամբ ու մասնակցությամբ է հնարավոր հիմնախնդրի լուծումը:

Նույն բանը նրանք ասել են նաեւ լրագրողների հետ հանդիպմանը: Համանախագահները ընդգծել են Մոսկովյան հռչակագրի նշանակությունը, որն, ըստ Յուրի Մերզլյակովի, մեծ խթան է բանակցությունները խաղաղ հունով տանելու համար: Գործընկերոջը հավելելով, Բեռնար Ֆասիեն նշել է, որ հռչակագիրը շատ կարեւոր տարր է պարունակում` բացառելով ուժի կիրառումն ու հավաստելով փոխզիջումների անհրաժեշտությունը: Մյուս էական տարրը, ֆրանսիացի դիվանագետի խոսքով, համանախագահների մասնակցության կարեւորությունն է, որի մի առաքելությունն էլ վստահության միջոցների որոնումն է:

Չի կարելի արհեստականորեն արագացնել կամ դանդաղեցնել կարգավորման գործընթացը, նշել են համանախագահները: Այս համատեքստում նրանք տեղեկացրել են, որ դեկտեմբերին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումն իրենց մասնակցությամբ, սակայն դժվարացել են ասել` մինչեւ տարեվերջ կլինի՞ երկու երկրների նախագահների հանդիպումը:

Ինչո՞ւ ԼՂՀ-ն շարունակում է դուրս մնալ բանակցություններից: Նշելով Ղարաբաղի մասնակցության կարեւորությունը, Բեռնար Ֆասիեն, մասնավորապես, ասել է, որ Մինսկի խմբի եռանախագահների պարբերական այցերը Ստեփանակերտ ոչ թե ղարաբաղյան խոհանոցով կամ թթօղիով հիանալու համար են, այլ կարգավորման քննարկումներ ծավալելու, ինչը Ղարաբաղի մասնակցության մասին է վկայում: Նույնը կարելի է ասել, Ֆասիեի պնդմամբ, ՀՀ նախագահի կամ արտգործնախարարի ղարաբաղյան այցելությունների առնչությամբ:

Լրագրողները հերթական տարակուսանքը ներկայացրին Մեթյու Բրայզային` Բաքվում նրա արած վերջին հայտարարության առթիվ: Ամերիկացի համանախագահի պարզաբանմամբ` ադրբեջանցի լրագրողները սիրում են ստեղծագործել, եւ նրանք պարզապես իր ասածը կոնտեքստից հանել են: Ինքը, մասնավորապես, ասել է, որ եթե համաձայնագիր լինի, ապա պետք է հաշվի առնվեն երկու կողմերի շահերը` ներառելով Մայնդորֆյան հռչակագրի բոլոր սկզբունքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4