ԼՂՀ արտաքին գերատեսչությունը երեկ տարածել է հայտարարությունՙ անդրադարձ անելով նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ ճեղքման փորձին, որով խախտվել են կրակի դադարեցման ռեժիմի պահանջները, եւ նշելով, որ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած միջոցների շնորհիվ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը հաջողությամբ հետ է շպրտվել` սպանված թողնելով: Հայտնում է նաեւ, որ միջադեպի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անմիջական ներկայացուցչին` առաջարկելով անմիջապես ճգնաժամ-դիտում կազմակերպել ԼՂՀ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի ուղղությամբ: ԼՂՀ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի` ԼՂՀ այցի օրերին, մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո, ուր նշված է կողմերի` քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորման պատրաստակամուoյան մասին: Սա Ադրբեջանի զինված ուժերի առաջին գրոհը չէ ԼՂՀ ԶՈՒ առաջավոր դիրքերի վրա, իսկ ԼՂՀ ԱԳՆ-ն բազմիցս միջնորդների ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի հաստատման եւ խաղաղության անշրջելիության ապահովման համար միջազգային հանրության կողմից անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը:
«Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ապակառուցողական քայլերը, որոնք դժբախտաբար միջազգային միջնորդների կողմից պատշաճ քաղաքական գնահատականի չեն արժանացել, նախարարությունը շփման գծում լարվածության հնարավոր պատասխանատվությունն ամբողջությամբ դնում է Ադրբեջանի ղեկավարության վրա», նշված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ` միաժամանակ հայտնելով, որ ԼՂՀ իշխանությունը պաշտոնական նոտա է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին եւ նրա անձնական ներկայացուցչին:
Մ. Խ.