«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

Երեկ մի բավական խճողված հայտարարություն են տարածել Արմեն Աղայանը, Ալեքսանդր Քանանյանը, Վաչագան Վահրադյանը , անունն էլ դրել փորձագիտական հայտարարություն:

Տերպետրոսյանական շարժումն «ավարտվող» անվանելով եւ համարելով, թե Սերժ Սարգսյանն առաջնային եւ նախաձեռնող դերակատարություն ունի արդեն տեղի ունեցած եւ սպասվող իրադարձություններում` հայտարարության հեղինակները նկատում են, թե վերջինիս գործողությունները բոլորովին էլ պայմանավորված չեն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի ճնշմամբ, այլ արցախյան հակամարտությունը ներկա փուլում լուծելու իր իսկ ընդունած որոշմամբ, ինչն օգտագործում է Մոսկվան Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար, դրան էլ փորձեց խանգարել Միացյալ Նահանգները, որին հաջողվեց գործընթացը պահել իրեն սպառած Մինսկի խմբի շրջանակներում: Հեղինակների դիտարկմամբ` պահանջատիրական կեցվածքից հրաժարվելու ներկա նախագահի եւ կոնգրեսական կուսակցությունների տեսակետները համընկնում են: Թուրք գործընկերների հետ շփումների վտանգները նշելով` հայտարարության հեղինակները նկատում են, որ այդ քաղաքականությունը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ հայ ժողովրդի համար. «Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը կվերացնի Հայաստանի արեւելքում ոչ միայն պատմական, այլեւ բնական եւ անվտանգ սահմանները վերականգնելու հեռանկարը: Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գերիշխանության ճանաչումն էլ մեզ կզրկի հայ ժողովրդի ավանդական կենսատարածքը վերականգնելու հույս-հեռանկարից: Այս պայմաններում Հայաստանի ներկայիս տարածքի առեւտրատնտեսական եւ հաղորդակցական ներառումը թուրքական միջավայրի մեջ կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել հայոց պետականության վախճանին», հայտարարում են եռյակ հեղինակները` նկատելով, թե լուսանցքային դարձած «ժողովրդավարակերպ» ընդդիմությունը, Ս. Սարգսյանին համակարծիք լինելով, չի ցանկանում եւ չի կարող կանխել այս գործընթացը` մատնանշելով ազգային ընդդիմության կազմակերպման պահանջարկը: Այդպիսի ընդդիմության օրակարգում պետք է լինի քաղաքական դաշտի զտումը` գաղափարական փոխակերպման հրամայականով, ինչը պետք է հանգեցնի պարտադիր եւ իրական իշխանափոխության` երկրի համար կենսական եւ առանցքային սկզբունքներն ի խնդիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4