Այսօր մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Հարուհիկո Կուրոդան (Ֆիլիպիններ): Նա կբացի ԱԶԲ առաջին գրասենյակը Երեւանում: Նախատեսված է ԱԶԲ եւ Հայաստանի կառավարության միջեւ նոր համաձայնագրի ստորագրում, որի շրջանակներում Ասիական զարգացման բանկը կցուցաբերի օժանդակություն երկրի գյուղական ճանապարհների զարգացմանը եւ տրանսպորտի ոլորտի կառավարման բարելավմանը: ԱԶԲ-ի տրամադրած տեղեկության համաձայն, Հայաստանում բանկի համար ռազմավարական են տրանսպորտի ոլորտը, քաղաքային ծառայությունները եւ հասարակական ոլորտի բարեփոխումները: 2005-ից սկսած, երբ Հայաստանն անդամակցեց ԱԶԲ-ին, վերջինս ֆինանսավորել է երկու` գյուղական ճանապարհների եւ քաղաքների ջրամատակարարման համակարգի զարգացման ծրագրերը: