«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Համաժողով Եվրոպական խորհրդարանում

Ինչպիսի՞ն է եղել հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում եւ ի՞նչ է մնացել այնտեղ ցեղասպանությունից հետո, ինչպե՞ս է ընթանում մշակութային վերաբացահայտումը եւ ո՞րն է Եվրոպական միության դերն այդ ժառանգության պահպանման խնդրում: Այս հարցերին պատասխանելու եւ նոր հարցեր առաջադրելու նպատակ ուներ Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կազմակերպությամբ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր լիբերալ Բեռնար Լեյդոյի հովանավորությամբ եւ «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ նոյեմբերի 13-ին Բրյուսելում անցկացված «Ուղեւորություն դեպի մշակութային վերաբացահայտումՙ հայկական ժառանգությունը Թուրքիայում» խորագրով կոնֆերանսը, որը տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանումՙ հայ, թուրք եւ օտար բազմաշերտ լսարանի մասնակցությամբ: Հայկական մշակութային ժառանգության վերաբացահայտումը, որն արդեն իսկ ընթացքի մեջ է, կարեւոր է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Եվրոպայի համար: Այս գնահատականով բացեց կոնֆերանսը ՀԲԸՄ Եվրոպայի վարչության անդամ Նիկոլա Դավիթյանը , ընդգծելով, որ այս ձեռնարկով նաեւ կոչ են անում եվրոպական տարբեր մակարդակի գործիչներին ու հաստատություններին միանալու վերաբացահայտման գործընթացին, հատկապես որ ԵՄ-ի հանձնառություններից մեկն էլ միջմշակութային երկխոսության սատարումն ու պահպանումն է: Եվրոպական ժառանգությունը լիարժեք չի լինի առանց հայկական ժառանգության:

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման գլխավոր քարտուղարության թուրքական հարցերով բաժնի պետ Ժան Ֆիլորին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ նշեց, որ Եվրոպական հանձնաժողովը աջակցում է նման մշակութային երկխոսությանը: Այժմ պատմական հնարավորություն է տրված Հայաստանին եւ Թուրքիային նորմալացնելու հարաբերությունները, եւ հույս հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը նաեւ կնպաստի հայկական ժառանգության պահպանմանը Թուրքիայում: Անցյալի փաստերը մինչեւ այսօր մեծ ցավ են պատճառում հայկական համայնքներին: Եվ ԵՄ ընդլայնման քաղաքականության շրջանակներում արդեն որոշակի միջոցառումներ են կազմակերպվում նաեւ Թուրքիայումՙ նպաստելու միջմշակութային երկխոսությանը: Ավելին, ԵՄ-ն երեք միլիոն եվրո արժողությամբ ծրագրեր է սկսել Արեւմտյան Բալկանների հակամարտություններ ունեցող երկրների մշակութային ժառանգության պահպանման համար:

Հայտնի փաստաբան եւ «Իմ տատիկը» գրքի հեղինակ Ֆեթիհե Չեթինն անդրադարձավ իր գրքի հրապարակումից հետո Թուրքիայում ծայր առած արձագանքներին, իրեն ուղարկված էլեկտրոնային նամակներին եւ այն մթնոլորտի ձեւավորմանը, երբ շատերը ոչ միայն հուզվեցին գիրքը կարդալիս, այլեւ սկսեցին մտածել իրենց արմատների մասին, հայկական տաբուի մասին: Շատերը ցանկություն են հայտնել իրենց պատմությունները հայտնելու Չեթինին: Մի կին նամակ է ուղարկել եւ ներողություն խնդրել Չեթինից, այլք փողոցում կանգնեցնելով են իրենց աջակցությունը հայտնել: Ուրիշները հրավիրել են իրենց տուն եւ պատմել են, թե ինչպես է հայկական ժառանգությունը ոչնչացվել: Նրա ասելով, Թուրքիայումՙ իրենց անցյալի հետ խաղաղվելու պրոցեսը սկսվել է: Եվ այս հարցում առաջին քայլերից մեկն էլ իր գրքի հրատարակումն էր: «Իմ տատիկի» հրատարակումից հետո խաղաղվել է նաեւ Ֆեթիհե Չեթինը: Նա այժմ հանգիստ է քնում, իսկ մինչ այդ տառապում էր անքնությունից: «Մենք չենք կարող փոխել մեր անցյալը, բայց կարող ենք հաստատել մեր ապագան», ասաց իր ելույթի վերջում Ֆեթիյե Չեթինը:

«Իմ թանկագին եղբայր Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» հայտնի ցուցահանդեսի կազմակերպիչ եւ բազմաթիվ գրքերի հեղինակ, պատմաբան եւ լրագրող Օսման Քյոքերը հին բացիկների ցուցադրությամբ ներկաներին ցույց տվեց, թե ինչ տեղ են գրավել հայերը Թուրքիայում անցյալ դարասկզբին: «Այսօր, երբ նայում ես Թուրքիայի բնակչությանը, պարզվում է, որ միայն թուրքեր են ապրում: Իսկ մեկ դար առաջ բոլորովին այլ պատկեր էր: Տասնվեց միլիոն բնակչությամբ Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, 1,5 միլիոնը հայեր էին, մինչդեռ այսօր 72 միլիոնանոց Թուրքիայում հայերի թիվը հասնում է 60 հազարի: Պատմական բացիկները ցույց են տալիս, թե հայերը ինչպիսի առաջնակարգ տեղ են գրավել հյուրանոցային բիզնեսում, ճարտարապետության եւ առեւտրի ասպարեզներում, կրթության եւ մյուս ոլորտներում»:

Պրովանսի համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանն էլ իր զեկուցմամբ, որն ուղեկցվեց լուսանկարների ցուցադրությամբ, անդրադարձավ հայկական մշակութային ժառանգությանը Թուրքիայումՙ ներառելով պատմաճարտարապետական հուշարձանների պահպանությունը: Ներկաները նախկին եւ նոր լուսանկարների համեմատական ցուցադրությունից պարզորոշ տեսան, թե քանի հուշարձան է ոչնչացվել կամ թողնվել անտերության: Միայն Պոլսի պատրիարքարանի տվյալներով` 1912-1913 թթ. իրենց իրավասության տակ են եղել 2533 եկեղեցի ու 451 վանք: Միայն 1915 թվի ցեղասպանությունից հետո 641 եկեղեցի է քանդվել կամ ոչնչացվել: Իսկ ընդհանուր առմամբ հայկական հազարավոր հուշարձանների միայն չնչին տոկոսն է հասել մինչեւ մեր օրերը: Ըստ նրա, Եվրոպական խորհրդարանը այն կառույցն է, որը կարող է ճնշում բանեցնել Թուրքիայի վրաՙ հայկական հուշարձանների վիճակը բարելավելու համար: Այժմ Թուրքիայի մշակույթի նախարարի ցանկությամբ, ծրագրեր են մշակվում Բիթլիսում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան ստեղծելու, Վանումՙ Արշիլ Գորկու եւ Կարսումՙ հայ մշակույթի թանգարանի բացման ուղղությամբ:

Լոնդոնից «Կոմիտաս» ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանն իր անձնական փորձառությունից օրինակներ բերելով նշեց, որ ներկայումս Թուրքիայի չորս ամենախոշոր թանգարաններից եւ ոչ մեկում հայերի կամ Հայաստանի մասին ոչինչ չկա, իսկ մնացյալ թանգարաններում էլ եթե կա, ապա հակահայկական տեղեկատվություն է:

Բեռլինից պատմաբան Վահե Թաշչյանն էլ խոսեց Եղեռնից փրկված եւ օտար ափերում հանգրվան գտած այն հայերի թողած ժառանգության մասին, որոնք իրենց հուշերի, առկա փաստերի հրապարակումներով սերունդներին փոխանցեցին իրենց հայտնի մշակութային արժեքները: Միայն 1920-1980 թվականների ընթացքում այդ թեմաներով մոտ 130 գիրք է հրատարակվել: Ընդ որում, 1920-1924 թվականներին Սիրիայում եւ Լիբանանում հայտնված հայերի մեջ այնքան մեծ էր հակակրանքը Թուրքիայի նկատմամբ, որ իրենց տներում արգելել են թուրքերեն խոսել, հրաժարվել են թուրքական ամեն ինչից, նույնիսկ թուրքական երաժշտություն լսելուց:

Զեկուցումներից հետո ծավալված քննարկումներին մասնակցեցին ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի նախագահ Ալեքսի Գյովճյանը , ՀՀ նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանի գլխավոր խորհրդական, «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Սալբի Ղազարյանը , «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Ստամբուլի գրասենյակի տնօրեն Ուլրիկե Դաֆները , Եվրոխորհրդարանի երկու պատգամավորների ներկայացնող Ալի Յուրթագյուլը եւ օրվա միջոցառման հովանավորՙ եվրոխորհրդարանական Բեռնար Լեյդոն : Սալբի Ղազարյանը ներկայացրեց, թե որքան դժվար է եղել վերապրողների համար վերադառնալ ցեղասպանության պատմություններին: Եվ այսօրվա Թուրքիայում մինչեւ այժմ առկա լռությունը խախտողները թուրքեր են եւ այդ ամենը նախատեսված է հենց թուրքերի համար: Ալի Յուրթագյուլն էլ նշեց, որ եթե Թուրքիան ուզում է ԵՄ անդամ դառնալ, ապա պետք է ճանաչի Հայկական ցեղասպանությունը, կարեւորելով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների աշխուժացումը: Ուլրիկե Դաֆները կոչ արեց Եվրոպական միությանը, որ վերջինս աջակցի Թուրքիայի դեմոկրատական ուժերին, որոնք ուզում են դեմոկրատական երկրում ապրել: Այս իմաստով, ԵՄ-ն իր հնարավորությունները դեռեւս ամբողջությամբ չի օգտագործել: Ալեքսի Գյովճյանն էլ փաստեց, որ Թուրքիան այսօր առավել, քան երբեւէ հնարավորություն ունի վերագնահատելու իր անցյալը եւ նոր լիցք հաղորդելու վերաբացահայտման գործընթացին: «Սա առաջին քայլն է մեր ժառանգության պահպանման ուղղությամբ, եւ այս գործը պետք է շարունակենք, իսկ Բարեգործականի Եվրոպայի գրասենյակը պետք է շարունակի իր աշխատանքները Եվրոպական միության կառույցների հետ: Այս կոնֆերանսը կարեւոր էր հատկապես այն տեսակետից, որ ե՛ւ թուրքերը, ե՛ւ հայերը նույն ժառանգության մասին խոսեցին, Վահե Թաշչյանն ու Օսման Քյոքերը իրենց զեկուցումները նույնիսկ նույն նկարով սկսեցին, ինչը նաեւ ցույց է տալիս խնդրի միանման մոտեցումը: Հաջորդ քայլը կլինի հաջորդ տարի, երբ հայկական ժառանգության հարցին նվիրված համաշխարհային կոնֆերանս կգումարվի Փարիզումՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ուր խնդիրը կդրվի արդեն քաղաքական մակարդակի վրա», ասաց մեզ հետ զրույցում Ալեքսի Գյովճյանը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Բրյուսել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4