«Ներկայացնելու եմ ժողովրդի սիրելի ստեղծագործությունները: Հանդիսատեսի հետ զգալու ու ապրելու եմ այդ երգերը: Ընդհանրապես սիրում եմ աշնանը համերգներ կազմակերպել` հատկապես Երեւանում. այստեղ աշունը հիասքանչ է: Չէի կարող Երեւանում համերգ կազմակերպել առանց նվերի: Այդ օրը իմ հանդիսատեսին կնվիրեմ Հրաչյա Մխիթարյանի հեղինակած «Ժամանակ» երգը», նոյեմբերի 20-ին կայանալիք համերգին երեկ «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձավ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը : Բացի մենահամերգից նա Հայաստանում բազմաթիվ անելիքներ ունի: Մնջախաղի թատրոնի գեղղեկ Ժիրայր Դադասյանի հետ նախաձեռնել է փոքրիկ երաժշտական ֆիլմի նկարահանում, որտեղ կհնչեն իր կատարմամբ «Ադանա», «Դլե յաման» եւ «Քելե լաո» երգերը` ուղեկցությամբ Մայքլ Սթոունի բանաստեղծությունների:
«Ֆիլմը վերնագրված է «106 բանաձեւ»: Ակնկալում ենք, որ սենատը շուտով կընդունի այդ բանաձեւը: Ֆիլմն էլ այդ գործընթացը խթանող նախագիծ է, որի վրա աշխատում ենք արդեն 5 ամիս», ասաց Ժիրայր Դադասյանը:
Լոս Անջելեսում նկարահանվել են Մայքլ Սթոունի եւ Ֆլորա Մարտիրոսյանի համար նախատեսված հատվածները: Գործողություններն ընթանում են Հունաստանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում: Ֆիլմը խաղարկային ժանրի սկզբունքներով է: Երիտասարդ հերոսները (հայ, թուրք, հույն եւ ամերիկացի) ինտերնետի միջոցով հետաքրքրություն են ցուցաբերում ցեղասպանությանը, անհանդուրժողականությանն ու բռնությանը: Ֆիլմն ավարտվում է օդանավակայանի տեսարանով: Թուրք երիտասարդը, որ բազմաթիվ նոր երեւույթներ է բացահայտել, գալիս է Հայաստան` հայոց պատմությանն ու մշակույթին ծանոթանալու համար:
«Ցեղասպանությունը պատկերող, դատապարտող որեւէ դրվագ ֆիլմում չկա: Միայն ներկայացված է Հրանտ Դինքի հուղարկավորության տեսարանը: Հիմնական գաղափարն է, որպեսզի երիտասարդները պարզեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ստամբուլում հանդիպել եմ բազմաթիվ թուրք երիտասարդների, որոնք կցկտուր ու աղավաղված պատմություններ գիտեն դարասկզբին Օսմանյան կայսրությունում կատարված դեպքերի մասին: Նրանց պատկերացումները քարացած են», ասաց Ժիրայր Դադասյանը:
Ռեժիսորն արդեն հանդիպել է թուրքական պրոդյուսերական մի քանի կենտրոնների հետ, եւ պայմանավորվածություն ձեռք բերել «Անոթուլուկուլդուր» ընկերության հետ, որն աջակցելու է հայկական պատվիրակությանը Արեւմտյան Հայաստանում եւ Ստամբուլում նկարահանումներ անցկացնելու համար: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 24-ին Երեւանում, որին հավանաբար կմասնակցի նաեւ հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը:
Բազմաթիվ են նաեւ երգչուհու ապագա ծրագրերը, որոնց անդրադարձավ «Ազգ» -ի հետ առանձնազրույցում: Դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում կկայանա համերգ` նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին: Համերգային գործունեությունից բացի երգչուհին ԱՄՆ-ում հիմնել է երաժշտական դպրոց, որտեղ ճապոնացի, մեքսիկացի, հնդիկ պատանիներին սովորեցնում է երգել հայկական ժողովրդական երգեր, Կոմիտաս:
Հաջորդ տարի կմեկնարկի Ֆլորա Մարտիրոսյանի համերգային շրջագայությունն ամբողջ աշխարհով: Երգչուհին վստահեցնում է, որ «հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում»:
Հ. Հ.