Համերգային շրջագայությունից հետո Հայաստան վերադարձած աշուղական երգերի կատարող Գուրգեն Դաբաղյանը նոյեմբերի 30-ին կթողարկի «Վերադարձ» խորագրով ձայնասկավառակը: Այն նախորդ տարի նոյեմբերին Երեւանում կայացած մենահամերգի ձայնագրությունն է Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանու եւ Հավասու ստեղծագործությունների կենդանի հնչողությամբ:
«Աշուղական երաժշտությունն իմ արյան մեջ է: Ժողովուրդն ինձ ճանաչում ու սիրում է հենց այս ժանրում: Աճել ու մեծացել եմ ժողովրդական-աշուղական երգերի ներքո ու չեմ պատրաստվում ոճս փոխել», երեկ «Երեւան» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Դաբաղյանը :
Նախորդ տարվա համերգային ընդարձակ ծրագրից հետո (մինչ այդ պատանին երկար ժամանակ չէր երգում) հրավերներ է ստացել բազմաթիվ երկրներից: Աշուղական եւ ժողովրդական երգերից բաղկացած համերգային ծրագրով Գուրգենը ներկայացել է նախ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, ապա նաեւ Ուկրաինայում: Իսկ նոյեմբերի 4-ին Դաբաղյանի մեկնաբանմամբ ժողովրդական երգերը լսել են արդեն գյումրեցիները:
Հաջորդ տարի գարնանը համերգային շրջագայությամբ Դաբաղյանը կմեկնի Ֆրանսիա, Իտալիա, Ավստրալիա: Մինչ այդ երգիչը ԱՄՆ-ում կհանդիպի մի շարք հայտնի մենեջերների եւ երաժշտական ընկերությունների ղեկավարների հետ, որոնք հետաքրքրվել են Գուրգենի կատարումներով եւ ցանկություն են հայտնել համագործակցել երիտասարդ երգչի հետ:
Գեւորգ Դաբաղյան. «Զարմանալի էր, որ չէին մասնակցում հայ դուդուկահարները»
«Ջիվան Գասպարյանին նվիրված երեկույթի ժամանակ ես եւ Գուրգենը համերգային շրջագայությամբ մեկնել էինք Մոսկվա եւ տեղյակ չեմ, թե հայ դուդուկահարներն ինչպես են շնորհավորել նրան: Սակայն գիտեմ, որ համալիրում մեծ միջոցառում է տեղի ունեցել` արտասահմանից ժամանած անվանի երաժիշտների մասնակցությամբ: Տեղյակ եմ, որ հայ դուդուկահարներ չեն մասնակցել միջոցառմանը, ինչը շատ զարմանալի էր: Չեմ ուզում ընդարձակվել: Կարծում եմ այդ տողերն ամեն ինչ ասում են: Իսկ Ջիվան Գասպարյանի հետ մեր հարաբերությունները նորմալ են, հարգում եմ նրան, համարում հայ դուդուկի լավագույն վարպետներից մեկը», «Ազգ» -ի հարցին, թե «Ինչպե՞ս են հայ դուդուկահարները շնորհավորել Ջիվան Գասարյանի ծննդյան 80-ամյակը», պատասխանեց հայտնի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը: Դուդուկահարը միաժամանակ հավելեց, որ դեռեւս չի շնորհավորել Գասպարյանին հոբելյանի կապացությամբ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ