«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


ԵԼԵՆԱ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ասում են, թե առաջին հերթին դրախտ են ընկնում այն մարդիկ, որոնք երեք գործ են արած լինում իրենց կյանքի ընթացքում. ծառ են տնկում, տուն կառուցում եւ զավակ ունենում:

Հավանաբար, այս սկզբունքներից են ելել բոստոնաբնակ մի խումբ հայեր, որոնք հետ են նայել, տեսել, թե ինչ մնայուն արժեքներ է թողել մեր ազգը, հետո առաջ նայել ու մտածել, թե, իսկ ի՞նչ է թողնելու...

Գեները լավն են, տաղանդավոր, պետք է պահպանել, զորացնել: Ուրեմն, ժառանգականության սկզբունքին լինենք զորավիգ, այսպես են մտածել մեր հայրենակիցները եւ խնդրել, հանձնարարել երգչուհի Էլվիրա Ուզունյանին, որ նա Երեւանում գտնված օրերին իրենց գաղափարը գործի դնի:

Եվ, ահա, այս տարվա հոկտեմբերի 10-ին Կամերային երաժշտության տանը կայացավ վաստակաշատ, հանգուցյալ մանկավարժ-դաշնակահարուհի Ելենա Տեր-Ղեւոնդյանի 90-ամյակին նվիրված երեկո, որի միտքը ոչ միայն հարգանքի տուրք տալն էր վաստակաշատ արվեստագետին, այլեւ առիթ էր տեր կանգնելու նրա եւ իր նմանների թողած թե՛ արվեստին, թե՛ մարդկային այդ արժեքներին որպես մեր ոսկյա շտեմարան:

Հուշեր, երգեր, այլ կատարումներ հնչեցին այդ օրը, բոլորն էլ սիրով ու գունեղ: Համերգի ավարտին բեմում էին տասնմեկամյա քանոնահարը եւ մեր հանրապետության առաջին քանոնահարուհին: Շարունակականության, ժառանգականության սիմվոլիկ ակորդով վերջացավ համերգը, իր նշանակության բարձրակետին հասավ մեկ ամիս անցՙ Երեւանի Կոնսերվատորիայի դահլիճում, երբ Էլվիրա Ուզունյանը ոչ միայն ծաղիկներ մատուցեց կատարող ուսանողուհիներին, այլեւ Կոնսերվատորիայի օպերային ստուդիային նվիրեց իր կատարած դերերի բեմական զգեստները: Հաճելի անակնկալ էր երգչուհոու կողմից, այս առիթով, պատրաստված խտասալիկի նվիրումը ներկաներին, որի առաջին օրինակները ստացան Շաքե Զաքարյանը, որպես երգչուհու առաջին նվագակցող եւ ճանաչված կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:

Արտիստուհին հայտնեց նաեւ, որ պետական մարմինների համաձայնությամբ, Բոստոնում գործող «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպության կողմից սահմանվել է Ելենա Տեր-Ղեւոնդյանի անվան կրթաթոշակ, որի առաջին թոշակառուն դաշնակահարուհու անվան մրցույթի դափնեկիր Մարիամ Խառատյանն է:

ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4