Հայ իրանագիտական գրականությունը համալրվեց դիվանագետ Գառնիկ Բադալյանի «Իրանի պատմության նկարազարդ տարեգրություն» վերնագիրը կրող չափազանց կարեւոր եւ ուշագրավ աշխատանքով:
Հատկապես Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված եւ հաջողությամբ զարգացող տարաբնույթ հարաբերությունների եւ բազմակողմանի սերտ համագործակցության եւ Իրանի նկատմամբ հայ ամենալայն հասարակայնության մեծ հետաքրքրության պարագայում նման հրատարակությունը խիստ արդիական է եւ անհրաժեշտ:
Աշխատանքի հիմնական առանձնահատկություններից մեկը, թերեւս, նրա ժամանակաշրջանային լայն ընդգրկումն է (մ.թ.ա. 10-րդ հազարամյակից մինչեւ մեր օրերը): Հենվելով առկա հավաստի աղբյուրների հաղորդած տվյալների վրա` հեղինակը ցույց է տվել ամենավաղ ժամանակներից ի վեր ներկայիս Իրանի տարածքում ծավալվող բուռն գործընթացների տեւական էվոլյուցիան, որն ավելի ուշ հանգեցրեց Աքեմենյան արքայատոհմի կազմավորմանն ու իրանական առաջին` Աքեմենյան պետության ստեղծմանը:
Հեղինակը մասնագիտական հմտությամբ ընտրել, առանձնացրել եւ ժամանակագրական ճշգրիտ հաջորդականությամբ ներկայացրել է Իրանի պատմության տարբեր փուլերը պայմանավորող առավել կարեւոր փաստերը, դեպքերն ու իրադարձությունները, ինչը հնարավոր է դարձնում Իրանի պատմական զարգացման ողջ ընթացքի, ուղղվածության, առանձնահատկությունների եւ տրամաբանության ընկալումը:
Աշխատանքում Իրանի պատմական զարգացման համատեքստում զուգահեռաբար ներկայացվում են նաեւ Իրանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումները, Իրանի կյանքի մյուս` գրեթե բոլոր կարեւոր բնագավառները, ինչը լրացնում եւ առավել ամբողջական է դարձնում Իրանի պատմության ընդհանուր պատկերն ու դինամիկան: Հեղինակը, մասնավորաբար, ընդարձակ տեղեկություններ է հաղորդում իրանական հինավուրց, հարուստ եւ ինքնատիպ մշակույթի մասին` իրավամբ դիտելով այն որպես Իրանի պատմական պրոցեսի անբաժան մաս եւ նրա անմիջական արտացոլում:
Աշխատանքի հիմնական նպատակի իրականացմանը մեծ չափով նպաստում են Իրանի պատմության տարբեր շրջաններին վերաբերող նյութական եւ հոգեւոր մշակույթի` ճաշակով ընտրված նմուշների պատկերումներն ու բերված մեծաթիվ փաստերն ու իրադարձությունները հաստատող եւ այդ իրադարձություններում կարեւոր դերակատարություն ունեցած գործիչների` հաճախ հազվագյուտ լուսանկարների արտատպությունները:
Թերեւս նման բազմազանությամբ եւ նյութի մատուցման ձեւով է պայմանավորված այն իրողությունը, որ տեղեկությունների առատությունը ոչ միայն որեւէ չափով չի ճնշում ընթերցողին, այլեւ, ընդհակառակը, ավելի է սաստկացնում նրա հետաքրքրությունը եւ դեպքերի ընթացքին մինչեւ վերջ հետեւելու ցանկությունը:
Թեեւ տարեգրությունը` որպես պատմագրության որոշակի ձեւ, գրեթե բացառում է բերված նյութի նկատմամբ հեղինակի դիրքորոշման արտահայտումը, ընդհանրացումներն ու վերլուծությունները, տվյալ դեպքում ընթերցողին հնարավորություն տալով բերված փաստերի հիման վրա ձեւավորել Իրանի մասին իր սեփական պատկերացումը, հեղինակն այնուամենայնիվ, չափազանց հակիրճ, սակայն անկողմնակալ, ճշգրիտ եւ համոզիչ բացատրությունների ու մեկնաբանությունների միջոցով կողմնորոշում եւ ուղղորդում է նրան, փորձում հետ պահել հնարավոր թյուրըմբռնումներից եւ օգնել առավել ճշգրտորեն ընկալելու եւ գնահատելու Իրանի պատմության բարդ եւ հակասական ընթացքը:
Գ. Բադալյանի աշխատանքն, իհարկե, նախ եւ առաջ ունի ճանաչողական կարեւոր նշանակություն: Սակայն միաժամանակ լուրջ գիտական ուսումնասիրություն է ` հավասարապես հետաքրքրական եւ օգտակար նաեւ մասնագետ-իրանագետների համար:
Իրանի պատմության կարեւորագույն փաստերի ընտրությունն արդեն հեղինակից պահանջում է երկարատեւ եւ մանրակրկիտ հետազոտական աշխատանք, Իրանի պատմության, նրա հիմնախնդիրների, ներքին եւ արտաքին քաղաքականության լավագույն իմացության, հիմնական փաստերն առանձնացնելու, դրանք համակողմանիորեն քննարկելու, վերլուծելու եւ գնահատելու ունակություն, հատկանիշներ, որոնք իրենց ամբողջության մեջ ապահովում են աշխատանքի գիտական բարձր մակարդակը:
Իրանագետներին փաստագրական հարուստ նյութ տրամադրելուց եւ նրանց ուսումնասիրությունների համար կարեւոր սկզբնաղբյուր ծառայելուց բացի, Գ. Բադալյանի այս աշխատանքը կարող է վերջիններին հետաքրքրել նաեւ պատմական զարգացման ընթացքում իրար հաջորդող իրադարձություններին անմիջապես հետեւելու, նրանց փոխկապակցությունն ու փոխազդեցությունն առավել ակնհայտորեն նշմարելու եւ ընկալելու, ինչպես նաեւ առանձին փաստերի եւ տվյալների վերականգնման եւ ճշգրտման առումով: Այս տեսակետից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Իրանի արքայատոհմերի, թագավորների, մեծ վեզիրների, վարչապետերի գործունեության ժամանակաշրջանը ներկայացնող եւ Իրանին վերաբերող պատերազմների տարեթվերի լիակատար ցանկը ներառող հավելվածը:
Աշխատանքն ունի նաեւ կարեւոր քաղաքական նշանակություն: Այս առումով հատկապես արժեքավոր են Իրանի Իսլամական Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության, նրա առանձնահատկությունների վերաբերյալ փաստագրական ընդարձակ տեղեկությունները, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս Իրանն ավելի լավ ճանաչելու, նրա հետ բազմակողմանի հարաբերությունների անցյալն ու ներկան ճիշտ գնահատելու, այլեւ կանխորոշելու նրանց հեռանկարները:
Ողջունելով կարեւոր եւ երկար սպասված այս աշխատանքի հրապարակումը, միաժամանակ ակնկալում ենք, որ այն անպայման կունենա իր շարունակությունը:
Միաժամանակ հույս ենք հայտնում, որ Իրանի նկատմամբ անկեղծ զգացումներով ներշնչված այս հիանալի աշխատանքը լավագույն օրինակ կծառայի հեղինակի իրանցի գործընկերների համար` նույնպիսի սիրով եւ նույն բարձր մակարդակով իրանցի ընթերցողին ներկայացնելու Հայաստանի պատմության պատկերազարդ տարեգրությունը, ինչն էլ ավելի կամրապնդի երկու հարեւան ժողովուրդների բարեկամությունը:
Ա. Գ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ, Դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու