Չորս օրվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի 600 կամավորների ջանքերով Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Հոլանդիայից Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար հանգանակվել է 1.178.000 եվրո, կազմակերպության նախագահ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ:
Լուրը «Ազգին» հաղորդող անկախ լրագրող Ժան Էսքիյանը մանրամասնում է, որ հավաքված գումարի մեծ մասը` 1.074.000 եվրոն հանգանակվել է ֆրանսահայերից, ինչը 15200 եվրոյով ավելի է, քան անցյալ տարվա ցուցանիշը: Դա նշանակում է, որ տնտեսական համաշխարհային տագնապը չի ազդել հայրենասիրական այս գործի վրա:
Հիշեցնենք, որ Եվրոպայում, ի տարբերություն Կալիֆոռնիայի, հանգանակությունը կատարվում է հեռախոսով: Կամավորները իրար փոխարինելով զանգահարում են Ֆրանսիայի եւ հարեւան երկրների հայերին: