«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ

Հա՞, հա՞, հա՞...

Վերջերս պատահաբար Հ1-ի առավոտյան ծրագիրն էի նայում, ուր ինչ-որ Աշոտի հյուրն էր ինչ-որ «Դիսքավրի-չգիտեմ ինչ» ամսագրի երիտասարդ խմբագրուհի, որն ասում էր. «Բացահայտեցինք, հա՞, Հայաստանը: Հայաստանի մասին, հա՞, շատ տեղեկություններ կան, բացահայտող, հա՞, չկա, մեծ հետաքրքրություն, հա՞, օտարների մոտ, հա՞, կարող է առաջացնել, էկոնոմիկայի նախարարության, հա՞, բարձր հովանու ներքո, հա՞, Մոսկվայի տանը շնորհանդես պետք է անենք»:

«Ավելի շատ արտասահմանցիների, հա՞, համար է ժուռնալը, հա՞», «հա՞»-երի պասը վերցնում է վարողը:

Ու էս «հա՞»-երի տարափի տակ կցմցելով հազիվ գլխի ես ընկնում, որ անգլերենով Հայաստանի մասին ինչ-որ ամսագիր է սկսել լույս տեսնել, իսկ «հա՞»-երը ռուսերեն կամ, թերեւս անգլերեն մտածողության «նվերն» են մեզ` հեռուստադիտողներիս:

Ու չգիտես, հա՞, այսպիսի խմբագիր ունեցող ժուռնալը, հա՞, ո՞ւմ է պետք:

Սակայն այդ ժուռնալի խմբագրուհին կարող է մխիթարվել, քանի որ անգլերեն կամ ռուսերեն մտածելու հետեւանք-«հա»-երը հայոց ողջ հեռուստաեթերում են. որ ալիքը շուռ ես տալիս, «հա՞» է` Պետրոս Ղազարյանը «հա՞» է, եթերում խոսող Հրանուշ Խառատյանը «հա՞» է, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը (եթերում) «հա՞» է. մնում է չկորցնել հումորը եւ քահ-քահ ծիծաղել` հա-հա-հա...

Լուրջ թեմա

Ինչ արեցին-չարեցին` մեր կենտրոնական փողոցները խցանումներից չեն պրծնում: Է, ոնց պրծնեն` երբ ամեն փողոցի երկու կողմերից ողջ օրը կայանված են մեքենաները: Ինչո՞ւ են կայանված` բոլորն էլ գիտեն, անգամ քաղաքային իշխանությունները, սակայն ոչինչ չեն կարող անել, քանի որ պատճառի մեջ հենց այն պատճառն է, որի դեմ չի կարող եւ ոչ մի հասարակ իշխանավոր` առեւտրի եւ սպասարկման օբյեկտների կետային եւ խիստ արագացված կառուցումը քաղաքի կենտրոնական փողոցների խիտ մասերում: Հիշում եմ` վարչապետը կարգին ուրախացել էր, թե` «Հասանք նրան, որ մեքենաներն արդեն թեք չեն կանգնում փողոցներում»: Բայց, օրինակ, ինչո՞ւ պետք է այդպես խցկված լինեն այն կառույցները, որոնցով մեքենախեղդ է լինում կենտրոնը: Ահա` Կամերային երաժշտության տանը հարակից, մետրոյի «Երիտասարդական» կայարան տանող գետնուղու դիմաց մեծ արագությամբ վեր է խոյանում «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի նոր շենքը: Առայժմ ճանապարհի այդ հատվածում կայանում են տաքսիները` Նորքի զանգվածներ, Ավան եւ Զեյթուն բարձրացող տրանսպորտից օգտվողների համար տարածքը կասկադյորական փորձահրապարակ դարձնելով. հո՛պ, թռիչք, ոստյուն, ցա՛տկ, վրադ եկող տաքսուց մի կերպ պրծում ու հայտնվում ես կիսապառկելու հնարավորություն տվող միայն հերթական երթուղայինի մեջ: Դե, պատկերացրեք, երբ շատ մոտիկ ժամանակ սուպերմարկետը գործի, գնորդների մեքենաների ինչպիսի կուտակումներ են լինելու այս հատվածում, եւ կասկադյորական ինչ բարձր վարպետություն է պահանջվելու սովորական հետիոտնից: Նույնը վերաբերում է Տիգրան Մեծի փողոցի` «Ֆիրդուսնոց» կոչվող հատվածում գործող Երեւան-սիթիի ու նրան հարակից մեքենաների կուտակումներին. ինչքան կուզեք էսկադա ու էստակադա սարքեք, այս հատվածում ամեն պահի այնքան մեքենա է կանգնած մայթեզրյա հատվածներում, որ հետիոտնը (մեր հետիոտնին էլ աստված կարգուկանոն տվել է, չի խնայել), պետք է պարզապես մի քանի մարզաձեւի տիրապետի, որ փողոց անցնի: Լավ, այս խիտ հատվածներում այդ սուպերմարկետնե՞րն էին պակասում, որոնք ոչ կայանատեղի ունեն, ոչ էլ այն հետագայում կառուցելու հնարավորություն: Իսկ նորմալ պետություններում որեւէ հասարակական նշանակության կառույց նախագծելիս նախ ավտոկայանատեղիի մասին են հոգում, դրա չլինելը պատճառ կարող է լինել, որ նախագիծը մերժվի քաղաքային պատասխանատուների կողմից: Իսկ մերոնք թքած ունեն` օր օրի կենտրոնի խիտ հատվածներն ավելի են խտանում կետային եւ ոչ մի քաղաքաշինական նորմի չհամապատասխանող կառույցներով, որոնք հարակից տարածք չունենալով բարդացնում են մեր կյանքը: Բա որ բնապահպան Կարինե Դանիելյանն ասում է` կետային կառուցապատումը խեղդում է Երեւանը, ճիշտ է մարդը: Ու բերում է մի օրինակ, որ կարող է վախեցնել ուզած քաղաքային իշխանության, բայց ոչ մեր անվախներին. անգլիական Էդինբուրգ քաղաքը խելքից դուրս կետային կառուցապատման էր ենթարկվել այնքան, որ մեքենաները չէին կարողանում ներսուդուրս անել սեփական բնակարաններին հարակից տարածքներ եւ ժամերով խցանում էին երթեւեկությունը: Ահա եւ Էդինբուրգը հիմնահատակ պայթեցրին, ու նոր, ավելի «խելացի» քաղաք կառուցեցին: Կուժ ու կուլայի հայտնի ասացվածքը պե՞տք է հիշեցնել:

Շատ «սկզբունքային» բացահայտումներ

Վերջերս մի շարք սկզբունքային բացահայտումներ են տեղի ունենում «տնտեսական» եւ այլ «հողերի» վրա` մամուլում եւ ի պաշտոնե: Մի պահ ուրախանում ես, թե կոռուպցիա ու կոռուպցիոներ են բացահայտում, լավ է, դուրս ենք գալիս քաղաքակիրթ երկրի ուղի, մտածում ես: Բայց ուրախությունդ մինչեւ հաջորդ օրն է, երբ մամուլում լավ էլ երեւում է, թե ո՞վ ո՞ւմ դեմ, ինչո՞ւ եւ ո՞ւմ պատվերով է «բացահայտումներ» անում եւ պատասխան գնդակը ստանում իր դարպասում, ու իզն էլ տանում է դեպի քաղաքական հաշիվմաքրոցիների: Ի սեր աստծո, միանգամից եւ ուղիղ «դուել» հայտարարեք իրար, ձեր անձնական մարտավկաներով, իսկ լրագրողներիս իզուր ձեր ակամա մարտավկան մի դարձրեք: Անգամ թերթ կարդալ չի լինում` այնքան որ յուրաքանչյուր նյութի հետեւում երեւում են պատվիրատուի ականջները: Այդ բոլորը պարզապես սրտխառնուք են առաջացնում եւ իզուր դարձնում իսկական լրագրությունը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4