«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՉԵՄՊԻՈՆԸ ՉՈՐՈՇՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը թեեւ հատեց վերջնագիծը, սակայն գլխավոր հարցի պատասխանը չտրվեց: Հանրապետության չեմպիոնն առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ կորոշվի այսպես կոչված «ոսկե» խաղում, «Արարատի» եւ «Փյունիկի» մրցավեճում: Նման խաղի անհրաժեշտությունն առաջացավ շնորհիվ «Արարատի» հաղթանակի: «Ոսկե» խաղը կկայանա նոյեմբերի 19-ին, ժամը 18-ին «Հանրապետական» մարզադաշտում: Ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով «Փյունիկ»-«Արարատ» խաղում դեղին քարտերի արժանացած եւ կանոնակարգով որակազրկման ենթակա երեք ֆուտբոլիստի` արարատցի Հրայր Մկոյանին ու փյունիկցիներ Արթուր Եդիգարյանին եւ Էդգար Մալաքյանին թույլատրվել է մասնակցել «ոսկե» խաղին:

Ավարտական տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում: Սակայն «Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտը միայն 700 հանդիսական կարող էր տեղավորել: «Արարատի» ղեկավարությունն առաջարկել էր խաղն անցկացնել այլ մարզադաշտում, որպեսզի ֆուտբոլասերները հնարավորություն ունենային ներկա գտնվելու հանդիպմանը: Սակայն առաջարկը մերժվել էր: «Արարատը» դժգոհ լինելով Արարատ Ճաղարյանիՙ թիմի հանդեպ ունեցած «հատուկ վերաբերմունքից», նաեւ առաջարկել էր, որպեսզի հանդիպումը սպասարկեր արտերկրից հրավիրված մրցավարական բրիգադըՙ ծախսերը վերցնելով իր վրա, սակայն ֆուտբոլի ֆեդերացիայից մերժում էր ստացել:

Որպեսզի մարզադաշտում ֆուտբոլասերների կուտակումներ չառաջանային, «Փյունիկի» ղեկավարությունը որոշել էր մուտքը տոմսերով դարձնելՙ նշանակելով չտեսնված բարձր գինՙ 10 հազար դրամ: Ըստ կանոնակարգի, մարզադաշտի տոմսերի 5 տոկոսը (35 տոմս) հատկացվել էր «Արարատին»: Դրանցից 5-ն անվճար էր տրվել, 20 տոմս էլ «Արարատ» ակումբը գնել էր 10 հազար դրամով: Իսկ ահա մնացած տոմսերը ոչ թե վաճառքի էին հանվել, այլ բաժանվել էին «Փյունիկի» մարզադպրոցի սաներին: Արդյունքում ֆուտբոլասերների մեծամասնությունը հնարավորություն չունեցավ տոմս գնելու եւ մարզադաշտ հաճախելու, իսկ «Արարատի» երկրպագուների հիմնական մասն իր թիմին աջակցում էր խաղադաշտից դուրս, բարձունքից:

Ահա այսպիսի պայմաններում կայացավ առաջնության վճռորոշ հանդիպումը: Նշենք, որ «Գանձասարի» հետ խաղում Արարատ Ճաղարյանի կողմից դաշտից հեռացված «Արարատի» երեք մարզիչներն ու բժիշկը որակազրկվել էին 5 խաղով, ակումբը տուգանվել էր 500 հազար դրամով, իսկ ահա մրցավար Ճաղարյանը հայհոյանքի համար ոչ միայն չէր պատժվել, այլեւ կրկին հանդիպումը վարելու իրավունք էր ստացել:

Ի պատիվ արարատցիների, նույնիսկ նման պայմաններում նրանք հաղթանակի հասնելու մեծ կամք ու վճռականություն ցուցաբերեցին, ողջ հանդիպումն անցկացրին համախմբված, մեկըՙ բոլորի, բոլորըՙ մեկի համար նշանաբանով ու արժանի հաղթանակ տոնեցին: Հանդիպման ելքը վճռեց 77-րդ րոպեին «Արարատի» բրազիլացի պաշտպան Ջուլիանո Հիմենեսի խփած միակ գոլը: Այդ գոլում մեծ ներդրում ունեցավ Մարկոսը, որը վարպետորեն իրացրեց տուգանայինը եւ Հիմենեսը գլխի հարվածով խոցեց «Փյունիկի» դարպասը:

Իհարկե, արժանին պետք է մատուցել նաեւ «Փյունիկին», որի երիտասարդ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար: Իրոք շատ հետաքրքրական ու լարված հանդիպում ստացվեց, որին այդքան կարոտ են մեր ֆուտբոլասերները: Փյունիկցիներն էլ ունեցան գոլ խփելու լավ հնարավորություններ: Մասնավորապես, հարմար դիրքերից վրիպեցին Վարդան Պետրոսյանը, Արթուր Եդիգարյանը, Կարեն Դոխոյանը, Ալբերտ Թադեւոսյանը: Արարատցիներից էլ կարող էին աչքի ընկնել Գեւորգ Նռանյանը, Մարկոսը եւ Հիմենեսը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Վարդան Մինասյան («Փյունիկ») - Խաղի լարվածությունը, պայքարի թեժությունը կարծես եվրոպական ինչ-որ առաջնություն էր հիշեցնում: Կրկին կրկնում եմ, որ նման խաղեր մեր առաջնությանը շատ են հարկավոր: Գոլային պահերով «Փյունիկն» առավելություն ուներ, սակայն ինչ-որ տեղ երեւի վճռորոշ եղավ Մարկոսի վարպետությունը: Տղաներին զգուշացրել էինք, որ «Արարատը» լավ է իրացնում ստանդարտ դրությունները եւ պետք է չափազանց ուշադիր լինել: Առջեւում լրացուցիչ խաղն է, որին եւս ամենայն լրջությամբ կնախապատրաստվենք եւ կձգտենք հաղթել:

  Գեւորգ Քամալյան («Արարատ») - Շատ լարված խաղ էր երկուստեք լավ գրոհներով ու կոմբինացիաներով: Գլխավոր մարզչի դաշտից անարդարացի հեռացումն ու որակազրկումը տղաներին լրացուցիչ լիցք էր հաղորդել եւ նրանք ավելի վճռական էին տրամադրված: Այսօր «Արարատն» ավելի լավ խաղաց, ավելի բարձր վարպետություն դրսեւորեց, ինչն էլ արտահայտվեց հանդիպման արդյունքում: Ինձ թվում է, «Արարատը» բոլոր բաղադրիչներով այսօր գերազանցեց «Փյունիկին»: Ապացուցեցինք, որ իրոք ուժեղ ենք մրցակցից: Մրցավարի մասին չեմ ցանկանում ընդհանրապես խոսել: Եթե մի մարդ տրիբունայի առջեւ հայհոյում է, սակայն ժխտում է իր արարքն ու սրբություններից է խոսում, ապա ինքը սրբություն չունի:

Ավարտական տուրն անվանեց բրոնզե մրցանակակրին: Առաջին անգամ մրցանակային տեղ գրավեց Կապանի «Գանձասարը», որը սեփական հարկի տակ ոչ-ոքի (0-0) խաղաց «Ուլիսի» հետ: Կապանցիներին շրջանցելու հնարավորություն ուներ «Միկան», սակայն թիմին չհաջողվեց հաղթել «Բանանցին»: 30-րդ րոպեին Արտակ Դաշյանի խփած գոլի շնորհիվ «Բանանցը» բացեց հաշիվը: «Միկային» պարտությունից փրկեց «Բանանցի» պաշտպան Անդրեյ Բուրդիյանը, որն այս մրցաշրջանում արդեն 2-րդ անգամ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Գրանցված ոչ-ոքին (1-1) թույլ չտվեց «Միկային» մրցանակակիր դառնալ: «Կիլիկիա»-«Շիրակ» խաղի ելքը վճռեց 77-րդ րոպեին շիրակցի Վլադիմիր Գասպարյանի խփած միակ գոլը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ28185548-2359
2. Փյունիկ28185540-1859
3. Գանձասար28138739-2747
4. Միկա28137838-2846
5. Բանանց28118934-2541
6. Ուլիս28781319-2929
7. Շիրակ28541915-4019
8. Կիլիկիա28252121-6411

Ռմբարկուները

Մարկոս Պիզելի«Արարատ»17
Ալեքսանդր Պետրոսյան«Գանձասար»9
Նարեկ Բեգլարյան«Միկա»8
Գեւորգ Ղազարյան«Փյունիկ»8
Ալբերտ Թադեւոսյան«Փյունիկ»8

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4