Երեկ երեկոյան ժամը 20-ի շուրջ, «Երեւաննախագիծ» շենքի մոտակայքում, 3 անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ եւ «Հետք» ինտերնետային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Առանց որեւէ բառ արտասանելու նրանք հարվածել են լրագրողի գլխին: Առատ արյունահոսություն սկսվելուց հետո հարձակվողները փախուստ են տվել, մինչ այդ խլելով լրագրողի ֆոտոխցիկը: Դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցներն առաջին օգնությունը ցույց տալուց հետո Էդիկին տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ Էդիկ Բաղդասարյանը վերջերս արժանացել էր հետաքննող լրագրողների միջազգային միության 1-ին մրցանակին: Վերջին շրջանում նա մի քանի նյութեր էր հրապարակել որոշ պաշտոնյաների տնտեսական-նյութական շահատակությունների մասին:
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում լրագրողների դեմ կատարված նմանօրինակ վայրագությունները ցարդ չեն բացահայտվել: