«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2008-11-15 | #213, 2008-11-18 | #214, 2008-11-19


«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ԴՎՈՐԺԱԿԻ «ՍՏԱԲԱՏ ՄԱՏԵՐԸ» ՄԵԿ ՕՐՈՒՄ

Նոյեմբերի 17-ին չեխ հասարակությունըՙ հանձին կառավարության տոնում էր «թավշյա հեղափոխության» 19-ամյակըՙ հռչակելով այն դեմոկրատիայի եւ ուսանողության օր, նույն պահին առավել արմատական ուսանողությունը ցույցի էր դուրս եկել Պրահայի կենտրոնական հրապարակներից մեկումՙ կառավարությունից պահանջելով վերջ տալ երկրում խորացող կոռուպցիային, ղեկավար շրջանակներում առկա ամենաթողությանը եւ երկրի մշակութային ժառանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքին: «Ժողովրդավարության գույքագրում» հասարակական նախաձեռնության անդամները իշխանություններից պահանջում էին նաեւ վերացնել պատգամավորների եւ սենատորների անձեռնմխելիությունը, վերջ տալ կարեւոր օրենքները մի փաթեթով ընդունելու պրակտիկային:

Ի դեպ, նույն օրը ԱՄՆ-ն Չեխիայի բոլոր քաղաքացիների համար բացեց իր դռներըՙ չեղյալ համարելով մուտքի վիզան, իսկ Չեխիան որոշեց մուտքի վիզա չտրամադրել երկիր ժամանող վիետնամցիներինՙ նրանց համարելով վտանգավոր տարր:

Ավելին, Պրահայի Նարոդնի հրապարակի այն վայրում, որը հիշեցնում էր կոմունիստական համակարգի զոհերին, փոքր բախումներ տեղի ունեցան ամերիկյան հակահրթիռային կայաններիՙ ռադարների տեղակայման աջակիցների եւ այդ կայանների տեղակայման դեմ հանդես եկող երիտասարդության միջեւ: Ոստիկանությանը թեեւ հաջողվեց կարճ ժամանակում խաղաղեցնել հակամարտող կողմերին, բայց նույնիսկ ուշ երեկոյանՙ ռադարների տեղակայման դեմ հանդես եկող շարժման մասնակիցները չհանգստացան եւ շարունակեցին տպավորիչ երթով անցնել Պրահայի կենտրոնական փողոցներով մինչեւ կառավարական շենքեր: Նույն պահին Կարլովյան համալսարանի գլխավոր դահլիճում տեղի ունեցավ դեմոկրատիայի եւ ուսանողության օրվա հանդիսավոր նշումը: Բացման խոսքերից ու ելույթներից հետո համալսարանի մեծ երգչախումբն ու նվագախումբը կատարեցին չեխ հանրահայտ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Ստաբատ Մատերը»: Մեներգիչների, երգչախմբի ու նվագախմբի 1,5 ժամանոց ելույթը բարձր մակարդակով ղեկավարեց եւ ներկաներին հիացրեց հայազգի դիրիժոր Հայկ Ութիջյանը: 700-ից ավելի հանդիսականները, չնայած օրվա փոթորկոտ ընթացքին, հրաժեշտ տվեցին միմյանց բարձր տրամադրությամբ:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4