ԱՆԿԱՐԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ ռազմական ներուժը մեծացնելու եւ երկիրը ՆԱՏՕ ներքաշելու Թբիլիսիի գործողությունները կարող են ավելի լուրջ հակամարտություն հրահրել, քան Հարավային Օսիայի օգոստոսյան իրադարձություները:
«Մեզ անհանգստացնում է ռազմական ներուժը մեծացնելու եւ երկիրը ՆԱՏՕ ներքաշելու Վրաստանի ղեկավարության քաղաքականությունը: Այդ գործունեությունը շատ ավելի լուրջ հակամարտություն կարող է հրահրել, քան այս տարվա օգոստոսի իրադարձությունները»,-այսօր Անկարայում ասել է Սերդյուկովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Մեհմեդ Գենյուլի հետ կայացած բանակցություններից հետո: Ընդսմին Սերդյուկովը նշել է, որ Ռուսաստանը հարգանքով Է վերաբերվում Վրաստանի տարածքային ամբողջականության եւ անկախության պահպանման հարցում Թուրքիայի դիրքորոշմանը: