Չպահանջելու դեպքում էլ կտրոնը տպվելու է, սակայն վիճակախաղում շահողը կարող է լինել մեկ ուրիշը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոնների տրամադրման համար խթաններ ստեղծելու անհրաժեշտության խնդրին անդրադարձել էինք մեր թերթի սեպտեմբերի 24-ի «Ինչպես լուծել «վատամարդ չդառնալու» խնդիրը» հրապարակմամբ: Կառավարության հոկտեմբերի 30-ի որոշմամբ, որպես այդպիսի խթան, սահմանվեց ՀԴՄ-ների կտրոններով վիճակախաղի անցկացումը, որը նախատեսվում է անցկացնել 2009-ի հունվարից:
Փաստորեն, ամեն ոք, խանութներից եւ առեւտրի իրականացման այլ վայրերից իր ձեռք բերած ամենօրյա կտրոններով կարող է մասնակցել վերոնշյալ վիճակախաղին, առանց լրացուցիչ վճարում կատարելու եւ վիճակախաղի տոմս գնելու: Մնում է միայն պահանջել ՀԴՄ-ի կտրոնը: Իսկ թե ինչպիսի՞ն են լինելու վիճակահանության գործընթացն ու մանրամասները, տեղեկացանք պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման տվյալների մշակման եւ հարկման ընթացակարգերի վարչության բաժնի պետ Արթուր Մանուկյանից:Շ
Ինչպիսի կտրոններ եւ որ կազմակերպությունից են տրվելու
Բացի հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացնելու որոշումից, կառավարության 2 այլ որոշումներով սահմանվեցին ՀԴՄ-ների ժապավենների համար պարտադիր պահանջները եւ ՀԴՄ-ներ կիրառողների համար ժապավենների շահագործման պարտադիր նորմերը: Ինչպիսի՞ն են լինելու կտրոնները:
Կտրոններն ունենալու են 4 մակարդակի պաշտպանվածություն: Դրանց ներկայացվելու են հատուկ պահանջներՙ թղթի քաշի, չափի, առաձգականության, արտաքին ազդեցությունների նկատմամբ դիմացկունության: Ներկայումս կիրառվող ՀԴՄ-ների ժապավեններն, Արթուր Մանուկյանի պարզաբանմամբ, վերանալու են, քանի որ դրանց վրա տպագրած տվյալները մեկ ամիս հետո ջնջվում են: Այդ պատճառով էլ ՀԴՄ-ների ներկայիս կտրոնները հնարավոր չեն լինի ներկայացնել ո՛չ տնտեսվարողի համար որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ, ո՛չ էլ վիճակախաղին մասնակցելու կտրոն:
Նոր ժապավենների նմուշները հաստատելու է պետեկամուտների կոմիտեն: Ենթադրվում էր, որ կլինեն մի քանի կազմակերպություններ, որոնց ներկրած ժապավենների նմուշները պահանջված պաշտպանվածության աստիճանին եւ տեխնիկական պահանջներին համապատասխանելու դեպքում կդրվեին շրջանառության մեջ: Սակայն, քանի որ ժապավենների համարակալման պարագայում վիճակահանությունն անհնար է իրականացնել մի քանի կենտրոնից, որոշվեց, որ դա պետք է լինի մեկ կազմակերպություն:
Կհայտարարվի մրցույթ, ամենաբարձր պաշտպանվածություն, ամենաբարձր որակի թուղթ եւ ամենացածր գնային առաջարկ ներկայացնող կազմակերպությունը կհամարվի հաղթող: Նրան կշնորհվի պետեկամուտների կոմիտեի երաշխավորագիր, մեկ տարի իրավունք կունենա իրականացնելու համարակալումը եւ իրացնելու այդ ժապավենները: Մրցույթները կհայտարարվեն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Պայմանների խախտման դեպքում, օրինակՙ եթե գնային առաջարկը շեղվեց նախօրոք առաջարկվածից, կրկին մրցույթ կհայտարարվի եւ նոր հաղթող կընտրվի: Սահմանվել է նաեւ, որ կտրոնների համարակալմանը վերաբերող 8 նիշերից բացի, լինելու են սերիաներ, ժապավենի յուրաքանչյուր գլանակ պետք է լինի շտրիխ կոդավորված, ներսում պետք է լինեն խառը թվեր: Այս ամենը նպատակ ունի բարձր պաշտպանվածություն ապահովել:
Ինչ գումարներ ենք շահելու
8 համարանիշ թվերի համակցությամբ թողարկվելու է ամսական 100 մլն կտրոն: Արթուր Մանուկյանի կարծիքով, տեսականորեն հավանական է, որ նույն թվերը կրկնվեն եւ, ասենք, նույն համարով երկու շահող համարներ լինեն: Այսինքն, երբ նախորդ խմբաքանակից մնացած լինեն ժապավեններ եւ ստացվի հաջորդ խմբաքանակը: Այդուհանդերձ, պետությունը պատրաստ է դրան եւ այդ շահումները վճարելուն: Յուրաքանչյուր 100 մլն կտրոնի մեջ 1 հատի պաշտպանիչ շերտի տակ լինելու է 5 մլն դրամ շահում: 9 կտրոններ կշահեն 500 հազարական դրամ, 90 կտրոններՙ 50 հազարական դրամ, 900 կտրոններՙ 20 հազարական դրամ եւ 9000 կտրոն 5 հազարական դրամ: Փաստորեն, լինելու են 10 հազար շահողներ: Բացի այդ, պատրաստվել է եւս մեկ անակնկալ:
Որպեսզի մարդիկ, մի կողմից չմասնատեն իրենց գնումները անընդհատ կտրոն ստանալու համար, իսկ մյուս կողմից էլ որպեսզի պայմանավորվածություն չլինի, ասենք, 10 հազար դրամի գնողի հետ եւ տպվի 1000 դրամի կտրոն, քանի որ, միեւնույն է, մեկ կտրոն է շահելու, սահմանվել է բոնուս, կախված արդեն գործարքի արժեքից: Ըստ այդ բոնուսի, շահած կտրոնի արժեքի մեջ առկա յուրաքանչյուր 1000 դրամը հավելյալ 1 տոկոս շահում կբերի: Օրինակՙ 5 մլն դրամ շահած կտրոնի մեջ եթե կա 10 հազար դրամի գնում, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց այդ շահումին կավելանա 1 տոկոս: Այսինքն, 10 հազար դրամի գնումների դեպքում 5 մլն դրամ շահած տոմսին լրացուցիչ կավելանա 10 տոկոսՙ 500 հազար դրամ: Սակայն, միաժամանակ, բոնուսը մայր գումարին չպետք է գերազանցի:
Յուրաքանչյուր վիճակահանությանը մասնակցելու են նախորդ ամսվա ընթացքում տպված կտրոնները: Այլ կտրոններ չեն մասնակցելու: Եթե կտրոնները 100 տոկոսով պահանջվեն, ապա մեկ ամսվա ընթացքում կսպառվի նախատեսված ամբողջ եւ անգամ նախատեսվածից ավելի գումարը: Բյուջեից յուրաքանչյուր ամսվա համար այդ նպատակով տրամադրվել է 115 մլն դրամ: Գումարը տրամադրված է որոշ պաշարով, քանի որ մեկ շրջապտույտի շահումների գումարը 77 մլն դրամ է: Սակայն, նկատի ունենալով երկու խմբաքանակների նույն համարի շահելու կամ բոնուսի հավանականությունը, գումարն ավելացվել է 1,5 անգամ:
Այլ մանրամասներ
Վիճակահանությունն անցկացնելու են մի քանի փոխնախարարներՙ էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության, պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ, կառավարության աշխատակազմի, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներ, վաճառականների միության, սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դրա նպատակն այն է, որ մարդկանց մեջ թերահավատություն չլինի:
Արթուր Մանուկյանը համոզված է, որ այս վիճակախաղն իր արդյունքը տալու է: Ի պատասխան մեր հարցի, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ կտրոնները դարձյալ չպահանջվեն, նա հետեւյալ պատասխանը տվեց. «Եթե որեւէ մեկն իր պատվից ցածր համարի կտրոն վերցնելը, ապա այդ կտրոնը հաստատապես կտպի եւ իրեն կվերցնի կամ վաճառողը, կամ խանութի սեփականատերը: Այսինքն, այսպես, թե այնպես, այդ կտրոնը տպվելու է: Խնդիրը դառնալու է այն, թե ո՞վ կշահի»:
Կտրոններով խրախուսելու այլ տարբերակ չի քննարկվում: Օրինակՙ նպաստառուների կամ թոշակառուների համար շատ կտրոն ներկայացնելու կամ կատարած առեւտրի արժեքի մեծ չափի դեպքերում նպաստի կամ թոշակի հավելման: Այս տարբերակը, պետեկամուտների կոմիտեի ներկայացուցչի տեղեկացմամբ, քննարկվել է: Նման տարբերակներ կիրառվել են Ռուսաստանումՙ Վլադիվոստոկում եւ Կալուգայում, Ղրղզստանում, բայց դրանք ունեցել են մեկ-երկու ամսվա կյանք: Վիճակախաղի դեպքում անհրաժեշտություն չկա կտրոնները տանել ինչ-որ տեղ ներկայացնել, սպասել դրանց ընդունմանը եւ գումարը ստանալուն, այլ պարզապես անհրաժեշտ է տանը նստած ՀԴՄ-ների կտրոնների թվերը համադրել վիճակախաղում դուրս եկած թվերի հետ: Այս տարբերակն, ըստ մեր զրուցակցի, երկար տարիներ կիրառվել է մի շարք երկրներում եւ արդարացրել իրեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ