«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2008-11-15 | #213, 2008-11-18 | #214, 2008-11-19


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Պեկինի օլիմպիադայի փայլուն հաղթանակից հետո անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երեք անգամ բարձրացավ Հայաստանի հանրապետության եռագույնը: Բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյանը 48 կիլոգրամ քաշային կարգում եւ Էդուարդ Համբարձումյանը 64 կգ քաշային կարգում կանգնեցին պատվո առաջին պատվանդանին` Հայաստանի Հանրապետությանը բերելով ոսկե մեդալներ, իսկ բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանն 91 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը` ստանալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը:

Այսպիսով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ բռնցքամարտիկները նման փայլուն հաղթանակի հասան: Վերջին անգամ 1987-ին, դեռ ԽՍՀՄ հավաքականի կազմում էր, որ Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել էին ոսկե մեդալի:

Եվ այսպես, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին ապացուցեց, որ երբ տղամարդու խոսքը նաեւ գործ է ու երբ կա հավատ, նվիրում եւ կամք, ապա հաղթանակի աստվածը միշտ ընտրում է հոգով հաղթողին եւ հզորին: Նախօրեին մեր չեմպիոններին օդանավակայանում դիմավորելու էր եկել անձամբ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը վստահեցրեց, որ մեր սպորտային հաղթանակներն այսուհետեւ լինելու են շարունակական եւ որ մենք աշխարհին ապացուցեցինք եւ դեռ ապացուցելու ենք հաղթողի մեր տեսակը:

Իսկ 21 տարի անց անկախ Հայաստանին նման հաղթանակ բերած մեր տղաները հուզված էին ու նաեւ երախտապարտ Գագիկ Ծառուկյանին, որն իր անսահման նվիրումով եւ աջակցությամբ հնարավոր դարձրեց այդքան սպասված հաղթանակը:

Անհնարին ոչինչ չկա, եթե կան կամք, նվիրում եւ հաղթանակի հասնելու վճռականություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4