Պ-րն Սերժ Սարգսյան, ԶԼՄ-ների միջոցով մենքՙ ֆուտբոլի երկրպագուներս, դիմում ենք Ձեզ խնդրանքով, որպեսզի միջամտեք եւ կանխեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Փյունիկ» ակումբի անարդար եւ սանձարձակ քայլերը:
«Փյունիկի» ղեկավարությունը առաջնության վերջին տուրի պատասխանատու հանդիպումից մեկ օր առաջ որոշեց մուտքն իր մարզադաշտ սահմանել վճարովի, նախօրոք չզգուշացնելով հասարակ երկրպագուներին: Արդյունքում ընդամենը 35 տոմս բաժին հասան «Արարատ» ակումբին, մնացած տոմսերը «Փյունիկի» ղեկավարությունը բաժանեց իր երկրպագուներին եւ ոչ մի տոմս չհանվեց ազատ վաճառքի: Այսպիսով երկրպագուները գալով «Փյունիկի» մարզադաշտ` հայտնվեցին փակ դարպասների առջեւ, քանի որ նրանցից ոչ-ոք ոչ մի ձեւով չէր տեղեկացվել «Փյունիկի» ղեկավարության ինքնակամ քայլերի մասին, որոնք վիրավորում են Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացու պատիվը եւ իրավունքները:
Ի պատիվ «Արարատի» ֆուտբոլիստների եւ երկրպագուների, նրանք կարողացան դիմակայել վերը նշված անհավասար պայմաններին եւ այժմ Հայաստանի առաջնության հաղթողին պետք է որոշեն չեզոք` վերակառուցված «Հանրապետական» մարզադաշտում: Թվում էր թե այս անգամ ամեն ինչ կգնա ճիշտ հունով, քանի որ «Փյունիկը» «ոսկե հանդիպման» դեպքում իրավունք չունի ինքնակամ որոշումներ կայացնելու, որոնք կվիրավորեին հասարակ երկրպագուի շահերը: Բայց այս անգամ արդեն իր տարօրինակ գործողություններով զարմացրեց Հայաստանի ֆուտբոլային ղեկավարությունը, որը տոմսի գները սահմանեց 3-10 հազար դրամ: Իսկ արեւմտյան տրիբունայում տեղ զբաղեցնելու համար տոմսի գները ոչ մի տեղ չեն նշվում: Բայց ենթադրում ենք, որ այս անգամ էլ այդ տրիբունայի տոմսերը անվճար կբաժանվեն «Փյունիկի» երկրպագուներին...
Պրն նախագահ, մենք դիմում ենք Ձեզ, քանի որ քաջատեղյակ ենք, թե ինչպես եք սիրում սպորտը: Գիտենք, որ շատ թեժ երկրպագում եւ ցավում եք հայկական ֆուտբոլի համար, պարզ ասած մենք իմաստ չենք տեսնում դիմել Հայաստանի ֆուտբոլային ատյանին, քանի որ վերջինս է ըստ վերը բերված փաստերի, երկրպագուների համար անհավասար պայմանների ստեղծման կազմակերպիչը եւ հանցակիցը: Պրն նախագահ, մինչ այժմ երկրի առաջնության հանդիպումների համար տոմսերի այսպիսի գներ չեն նշանակվել: Թվում էր թե հակառակըՙ ՀՖՖ-ն պետք է նպաստի, որպեսզի «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաներում հավաքվի հնարավորինս շատ հանդիսատես, բայց ինչպես տեսնում եք, նրանց Հայաստանի Հանրապետության հասարակ մարդկանց շահերը չեն հետաքրքրում:
Ձեր անձնական միջամտության եւ այս խնդրի արդարացի լուծման շատ մեծ հույս ունենք: Համաձայնվեք, որ սովորական աշխատավարձ ստացող հասարակ մարդկանց համար 3 եւ 10 հազար դրամը այսօրվա դրությամբ քիչ գումար չէ:
Հարգանքներով` Հայաստանի ֆուտբոլասեր քաղաքացիներ