«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2008-11-15 | #213, 2008-11-18 | #214, 2008-11-19


ԿՐԿԻՆ ԱՐԱՐԱՏ ՃԱՂԱՐՅԱՆԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ» ՄՈՒՏՔԸ ՏՈՄՍԵՐՈՎ Է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկ»-«Արարատ» լրացուցիչ մրցախաղը տեղի է ունենալու այսօր, ժամը 18-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Ի դեպ, ինչպես եւ նախորդ հանդիպումը, վճռորոշ այս խաղն էլ սպասարկելու պատիվը տրվել է Արարատ Ճաղարյանին: Վերջինս «Արարատի» մասնակցությամբ առաջնության 28 հանդիպումներից 12-ն ինքն է սպասարկել: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում սկզբունքային մրցախաղեր վարելու ընդունակ բարձրակարգ մրցավարներ բացի Ճաղարյանից, չկան: Այս փաստը խորհրդածությունների տեղիք է տալիս:

Ինչպես տեղեկացանք ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, այսօրվա հանդիպման մուտքն էլ մարզադաշտ տոմսերով է լինելու: Եվ կրկին չտեսնված բարձր գներ են սահմանվել, որոնք գերազանցում են ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի արժեքը: Արեւելյան տրիբունայի տոմսերը կարժենան 10 հազար դրամ, իսկ հարավային եւ հյուսիսային տրիբունաների տոմսերի համար հարկ կլինի 3 հազար դրամ վճարել: Արեւմտյան տրիբունան չի գործի: Այստեղ դեռեւս շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ինչպես հայտնի է, տարեսկզբին «Հանրապետական» մարզադաշտում սկսվել են վերակառուցման աշխատանքները: Ամբողջովին փոխվել է խաղադաշտի խոտածածկը, որը բազում դժգոհությունների տեղիք էր տալիս մեր հավաքականի մրցակիցների կողմից: Իսրայելական ֆիրման է իրականացնում շինարարական աշխատանքները, որի արդյունքում արեւմտյան տրիբունայում պետք է լրացուցիչ VIP օթյակներ կառուցվեին: Փաստորեն, այսօր վերակառուցումից հետո «Հանրապետական» մարզադաշտում առաջին հանդիպումն է կայանալու: «Փյունիկի» եւ «Արարատի» ֆուտբոլիստներին է առաջինը վիճակված փորձարկելու նոր խոտածածկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4