«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2008-11-15 | #213, 2008-11-18 | #214, 2008-11-19


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ Է

Հայ շախմատիստուհիներն իրականում հաղթել են ֆրանսուհիներին

Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում երեկ հանգստյան օր էր: Օգտվելով առիթից, այսօր հնարավորություն ենք ստացել ամփոփելու մեր շախմատիստների ելույթների միջանկյալ արդյունքները: Սակայն մինչ դրանց անդրադառնալը, շախմատասերներին տեղեկացնենք մրցումների պաշտոնական կայքէջում տեղ գտած ցավալի վրիպումի մասին, որը վերաբերում է Հայաստանի կանանց հավաքականի եւ Ֆրանսիայի ընտրանու մրցավեճին: Հիմք ընդունելով կայքէջի տեղեկատվությունը, ըստ որի Լիլիթ Մկրտչյանը պարտվել էր Սիլվիա Կոլասին, նախորդ համարում տեղեկացրել էինք, որ մեր աղջիկները պարտվել են 1,5-2,5 հաշվով: Սակայն երեկ կայքէջում սխալը ուղղվել էր եւ պարզվել էր, որ այդ պարտիայում Լիլիթը ոչ թե պարտվել, այլ հաղթել էր մրցակցին: Եվ բնականաբար, Հայաստանի հավաքականն էլ հաղթել է 2,5-1,5 հաշվով: 6-րդ տուրում ՀՀ հավաքականը կմրցի ուկրաինացիների հետ:

Այսպիսով, 5 տուրից հետո մեր շախմատիստուհիները 8 միավորով ընթանում են 7-րդ տեղում: Միանձնյա առաջատարը Չինաստանի ընտրանին է, որը 3,5-0,5 հաշվով հաղթեց լեհերին: 9 միավորով 2-րդ հորիզոնականում են հունգարացիները, որոնք 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին Հնդկաստանի հավաքականին: 11 թիմեր վաստակել են 8-ական միավոր: Նրանց թվում են Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականները, որոնց մրցավեճը հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը, մեծ հետաքրքրությամբ էր սպասվում: Գրանցվեց ոչ-ոքի: Առաջին խաղատախտակի վրա Մայա Չիբուրդանիձեն, որ Եվրոպայի ակումբային առաջնությունում հանդես եկավ Երեւանի «Միկայի» կազմում, հաղթեց աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին: Ռուսներից հաջողությունն ուղեկցեց Նատալիա Պոգոնինային, որն առավելության հասավ Սոֆիկո Չուխաշվիլու նկատմամբ: Կոսինցեւա քույրերն իրենց պարտիաները Լելա Ջավախաշվիլու եւ Մայա Լոմինաշվիլու հետ ավարտեցին ոչ-ոքի:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի առաջին, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Անգլիայի հավաքականները վաստակել են 9-ական միավոր: Մեր ընտրանին բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (15,5) գերազանցում է վերը նշված հավաքականներին: 6-րդ տուրում շատ հետաքրքրական եւ սկզբունքային մրցավեճ է սպասվում ադրբեջանցիների հետ, որոնք կես միավորով են հետ մնում հայ շախմատիստներից: Ադրբեջանի հավաքականի միջին վարկանիշը բավական բարձր է (2709) եւ այդ ցուցանիշով օլիմպիադայի մասնակիցների մեջ 4-րդ տեղում է: 5-րդ տուրում ադրբեջանցիները 3-1 հաշվով պարտության են մատնել նորվեգացիներին: Այդ մրցախաղում առաջին խաղատախտակի վրա Թեյմուր Ռաջաբովին փոխարինած Շահրիար Մամեդյարովը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ: Վուգար Ղասիմովը հաղթեց Սիմեն Ագդեստեյնին, Ռաուֆ Մամադովն էլ պարտության մատնեց Լյուդվիգ Համերին: Հուսեյնով-Լիե պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Տեղեկացնենք 5-րդ տուրի եւս մի քանի ուշագրավ արդյունքների մասին. Հունգարիա-Ուկրաինաՙ 1,5-2,5, Անգլիա-Իտալիաՙ 2,5-1,5, Հնդկաստան-Ավստրիաՙ 3-1, Չինաստան-Շոտլանդիաՙ 2,5-1,5, Վիետնամ-Կուբաՙ 2-2, Դանիա-Իսրայելՙ 0,5-3,5, Սլովենիա-Բուլղարիաՙ 0,5-3,5, Լիտվա-Ռումինիաՙ 0,5-3,5, Սերբիա-Ֆրանսիաՙ 1,5-2,5, Սլովակիա-Վրաստանՙ 1,5-2,5, Թուրքիա-Լատվիաՙ 2-2: 6-րդ տուրում մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Ռուսաստան-Անգլիա, Ուկրաինա-Գերմանիա հանդիպումները:

Իսկ այժմ անդրադառնանք հայ շախմատիստների մրցելույթներին: Տղամարդկանց հավաքականի կազմում առայժմ բոլորից հաջող է խաղում 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը (3-րդ տուրում, Ֆարերների դեմ նա խաղում էր 2-րդ խաղատախտակի վրա), որը 5 պարտիաներից չորսը շահել է եւ միայն ուկրաինացի Զախար Եֆիմենկոյի հետ մրցախաղում է հաշտություն կնքել: Երկրորդ ցուցանիշն ունի Տիգրան Պետրոսյանըՙ 4 միավոր 5 հնարավորից: Նա տոնել է 3 հաղթանակ, 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի: 5 հնարավորից 3,5 միավոր է վաստակել 2-րդ խաղատախտակին հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի), որը Ֆարերների հետ խաղում փոխարինել էր Լեւոն Արոնյանին: Վերջինս 4 հնարավորից թիմին 2,5 միավոր է բերել: Արոնյանն առաջին տուրում հաղթել է Ֆաբիանո Կարուանային (Իտալիա), հաշտություն կնքել Վիկտոր Բոլոգանի (Մոլդովա), Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) եւ Լյուկ վան Վելիի (Հոլանդիա) հետ: Իր առայժմ միակ պարտիան հաղթանակով է ավարտել Արտաշես Մինասյանը:

Տղամարդկանց մրցաշարում առայժմ բացարձակ լավագույն արդյունքն ունի բուլղարացի Վալենտին Յոտովը, որը շահել է բոլոր 5 պարտիաներն էլ: 100 տոկոսանոց արդյունք (4 հնարավորից 4 միավոր) են ցույց տվել նաեւ բրազիլացի Ֆելիպե դե Գրեսեն, նորզելանդացի Ռոջեր Նոկեսը, ավստրալացի Դարի Յոհանսենը եւ եգիպտացի Հալեդ Աբդել Ռազիկը: Հայ շախմատիստուհիներից բոլորից հաջողը Լիլիթ Մկրտչյանի արդյունքն է, որը 5 հնարավորից 4 միավոր է վաստակել (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Երկրորդ ցուցանիշն ունի Լիլիթ Գալոյանըՙ 3 միավոր 4 հնարավորից (3 հաղթանակ, 1 պարտություն): Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանը 50 տոկոսանոց արդյունք է ցույց տվել 5 պարտիաներումՙ կրելով 2 պարտություն: 3 հնարավորից 2 միավոր է վաստակել Սիրանուշ Անդրեասյանը, 1,5ՙ Նելլի Աղինյանը:

Կանանց մրցաշարում բացարձակ լավագույն արդյունքի է հասել Անգլիայի հավաքականի 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Դագնե Կիուկսիթեն, որը հաղթել է բոլոր 5 պարտիաներում: Անցկացրած 4 պարտիաներն էլ շահել են ավստրիացի Եվա Մոզերը, հունգարացի Սզիդոնիա Վայդան, իսրայելցի Բելա Իգլան, շվեյցարացի Տատյանա Լեմաշկոն, չինացի Ժոնգի Թանը, ուկրաինացի Նատալյա Զդեբսկայան եւ լիբիացի Խալոդ Էլֆլովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4