Երեկ «Ազգը» տեղեկացրել էր, որ 3 անհայտ անձինք հարձակվել ու ծեծի են ենթարկել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանին: «Ազգը» հանդիպեց տուժած գործընկերոջը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրան ցուցաբերում էին համապատասխան բուժում: Երեկ կեսօրին Էդիկ Բաղդասարյանին արդեն տեղափոխեցին նույն հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժանմունք: Բաժանմունքի վարիչ Ռոբերտ Գաբոյանը ասաց, որ «տուժողը ստացել է գանգուղեղային վնասվածք եւ ստանում է հատուկ բուժում: Նման հիվանդներին մենք 5 օր պահում ենք հսկողության տակ, քանի որ նման դեպքերում հնարավոր է ե՛ւ վիճակի ծանրացում, ե՛ւ ապաքինում»: Պրն Գաբոյանը խնդրեց Էդիկ Բաղդասարյանի առողջությամբ հետաքրքրվողներին հանգիստ թողնել նրան, քիչ այցելել, որպեսզի նա կրկին չվերապրի կատարվածը, այլ ապաքինվի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ