Կամ` «Ղարաբաղը չենք տալիս»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ի վերջո տեղի ունեցավ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը» թեմայով քննարկումը, որին մասնակցեցին 5 տասնյակի չափ կուսակցությունների ղեկավարներ: Միանգամից ասենք, որ տերպետրոսյանական ընդդիմությունը չէր մասնակցում քննարկումներին ու այդպես էլ գերադասեց հեռվում կանգնած մրցավարի դերը, մինչդեռ խնդիրը բոլորինն ու ողջ ժողովրդինն է, իշխանությունն էլ բարի կամք էր դրսեւորել ու հրավիրել բոլորին: Հրավերը չէին մերժել «Ժառանգությունն» ու մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Ներկաների մեջ կարելի էր տեսնել Արտաշես Գեղամյանին, Պարույր Հայրիկյանին, Վազգեն Մանուկյանին, Արամ Գ. Սարգսյանին, Սեյրան Ավագյանին` մի խոսքով, նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի ասած հրավիրված 65 կուսակցությունից 50-ի ղեկավարներին, որոնց մի մասը 1 մեքենայում տեղավորվող կուսակցություններ էին: ԲՀԿ նախագահը քաղաքում չէր, ՀՀԿ-ն ներկայացված էր հենց երկրի նախագահով: Քննարկումը փակ էր, ու լրագրողներս 4 ժամից ավելի սպասեցինք, մինչեւ ավարտվեց ու կուսակցությունների ղեկավարներից իմացանք նրանց կարծիքը: Սակայն մինչեւ նիստի փակ ընթացակարգին անցնելը նախագահ Սարգսյանը նախ շնորհավորեց շախմատի համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստների փայլուն ելույթի առիթով, ապա եւ նկատեց, թե այս երկրի համար կենսական հարցերի քննարկումների սկիզբ դնելով` կատարում է Ազգային ժողովում տված խոստումը, իսկ ապագայում էլ չբացառեց նոր քննարկումներ, անգամ` արտագնա. «Այսպիսի խորհրդակցությունների կարեւորությունն, ըստ իս, առաջին հերթին միմյանց լսելն է, կարծիքների եւ մոտեցումների բազմազանությունը հասկանալը մեր երկրի կենսական խնդիրներում, միասնական խորհելը, առանձին հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում ձեւավորելը», ասաց: Ավարտից հետո հնչած տեսակետների մի մասը ներկայացնենք ստորեւ:
Ղարաբաղյան խնդրի ակունքներում կանգնած ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի կարծիքովՙ հիմնախնդիրը ընթացիկ փուլում է ու պետք է քննարկվի ոչ միայն Ազգային ժողովում կամ փոքր շրջանակում` անվտանգության խորհրդում, այլեւ կուսակցությունների ղեկավարների հետ, իսկ երեկվա քննարկումը բավականին դրական անվանեց: Վերջին շրջանում մամուլով արտահայտված մտահոգությունները խնդրի վերաբերյալ Վ. Մանուկյանը լավ չի հասկանում. «Երկրի ղեկավարության մեջ կան մարդիկ, որոնք անցել են պատերազմ, անցել են այդ ամբողջ ընթացքը, եւ որոնք այն մարդիկ չեն, որ մեր ազգային շահերը պետք է զիջեն»: Ըստ նրա` մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ ղարաբաղյան խնդրին համանման պրոբլեմներից մի քանիսը դրական լուծում կգտնեն, օրինակ` Կոսովոյում, Աբխազիայում, Հարավային Օսիայում այս կամ այն ձեւով անկախությունն ընդունվեց, նշանակում է կա գործընթաց, որի մեջ կարող է տեղավորվել նաեւ Ղարաբաղի հարցը, իսկ վերջին պատերազմը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ցույց տվեց, թե պատերազմի միջոցով արդեն թույլ չի տրվելու հարցեր լուծել. «Իմ կարծիքովՙ այս խնդիրը բավականին երկար ժամանակ կպահանջի լուծելու, եւ տեսնում եմ, որ մարդիկ լի են վճռականությամբ մի ինչ- որ հաղթական փուլի հասցնելու», ասաց: Վ. Մանուկյանը ողջունեց քննարկումները, իսկ արմատականների բացակայությունը կոպիտ սխալ համարեց` ազգային-պետական շահերի հետ կապված ընդհանուր հարցեր կան, որտեղ ամեն մեկը պետք է իր կարծիքը հայտնի, ու հասարակությունն էլ պետք է կարծիքների տարբերության մասին տեղյակ լինի:
«Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանի համար մի բացահայտում եղել էր այդ քննարկումներում` որ կա միասնական տեսակետ, այն է` ԼՂ ինքնորոշումը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի հետ ԼՂՀ-ն պետք է անպայման ունենա ցամաքային սահման, անվտանգության երաշխիքներ պետք է լինեն` սա խորհրդակցության ավարտին էր ընդգծվել, սրանց հակառակ բան ասող չի եղել: Երեւույթը դրական էր` 47 կուսակցության (իր ասած թիվն էր) ղեկավարից յուրաքանչյուրի ասածի մեջ մի նոր բան կար, որոնց երկրի նախագահը փորձել է պատասխանել: Մեր հարցին` թե փարատվեցի՞ն նրա մտահոգությունները, Բախշյանը պատասխանեց` «Ոչ», սակայն քիչ անց պարզվեց, որ նրա մտահոգությունները վերաբերել են նախ մարտի 1-ի դեպքերի հետեւանքով ազատազրկված մարդկանց, իսկ ԼՂՀ դեպքում` նրան շարունակում էին մտահոգել անվտանգության երաշխիքները եւ որ կարգավորման մանրամասներ չեն ներկայացվել:
Թեեւ իր համար նոր բան չկար, բայց հանդիպումը ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանը համարեց չափազանց օգտակար եւ աննախադեպ, մոտ 5 տասնյակ կուսակցություն իրար գլխի վաղուց չէին հավաքվել քննարկում անելու: Լուրջ կոնսենսուս ձեւավորվեց որոշակի հարցերում եւ մինչեւ վերջնական համաձայնության գալը նախագահն էլի այսպիսի քննարկում է իրականացնելու. «Վստահ եմ, որ սա կօգնի նախագահին բանակցությունները շարունակել այն հունով, որն ավելի շատ ընկալում կունենա հասարակության կողմից, քանի որ իր մոտեցումների հիմնական սպեկտրը կարողացավ արծարծել, եւ այս ամենի հիման վրա որոշակի ամփոփում կարելի է անել»: Ռուստամյանը քննարկման ժամանակ հնչեցրել է ՀՅԴ դիրքորոշումը. բարդությունը ընդունելի սկզբունքները բանակցությունների ընթացքում փոխզիջումների հետ համատեղելն է, որ այդ ժամանակ այդ սկզբունքներից կորուստ չլինի: Կա ԼՂ ժողովրդի արտահայտված կամք, եւ դրանից բան զիջել հնարավոր չէ, այդ կամքն արտահայտվել է երկու հանրաքվեների միջոցով` այդ հանրաքվեներով հաստատված տարածքների վերաբերյալ քննարկում չի կարող տեղի ունենալ, առաջնային են նաեւ կարգավիճակի եւ անվտանգության խնդիրները: ՀՅԴ-ն 4 հիմնական խնդիր է դրել` հասնել փաթեթին (դրական առաջընթաց կա, բայց աշխատելու տեղ` նույնպես) բոլոր բաղադրիչների վերաբերյալ հստակ ձեւակերպումներով, կատարումն էլ պետք է երեւա սկզբից մինչեւ վերջ, իրականացումն էլ պետք է լինի փուլային` կարգավիճակի եւ անվտանգության հարցերի առաջնայնությամբ, տարածքների եւ փախստականների հարցը պետք է քննարկվի փոխադարձ պահանջների տիրույթում, բանակցային գործընթացում պետք է տարանջատվեն ԼՂՀ եւ Հայաստանի տեղն ու դերը: ԼՂՀ-ն չի կարող բանակցող կողմ չլինել, Հայաստանն էլ չի կարող փոխարինել Ղարաբաղին, այլ ԼՂՀ անվտանգության երաշխավորը պետք է լինի:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը քննարկումներից տպավորություն էր ստացել, որ այսօր զիջումների վերաբերյալ մտահոգությունն անհիմն է, քանի որ երկրի նախագահը զիջումների որեւէ ցանկություն չունի, չի պատրաստվում շուտափույթ լուծել հարցը` նա բերելու է մի փաստաթուղթ, որը քննարկման է դրվելու, եւ ժողովուրդն է որոշելու հայանպաստ է այդ փաստաթուղթը, թե՞ ոչ: