«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ` ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Ինչպիսի արտաքին քաղաքականություն է որդեգրել Հայաստանը եւ ինչ մարտահրավերներ կան արտաքին քաղաքականության համար ու որքանով են անվտանգության խնդիրները կապված տարածաշրջանում առկա կոնֆլիկտների հետ: Այս թեմաները երեկ քննարկվեցին «Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման միտումները` ազգային անվտանգության տեսանկյունից» խորագրով կլոր սեղանի ժամանակ: Այն կազմակերպել էր Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտը:

ՔՀՏԱԻ ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանը իր զեկույցում ասաց, որ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը ժողովրդի անվտանգության ապահովումն է եւ դրա երաշխիքներին ուղղված քայլերի ձեռնարկումը: Շուշան Խաթլամաջյանի կարծիքով, իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, եթե չի ունենում հասարակության եւ տարբեր հասարակական կառույցների աջակցությունը, երբեւէ արդյունավետություն չի կարող ապահովել, եւ այս առումով բանախոսը նկատեց, որ կոմպլեմենտար, բազմավեկտոր քաղաքականությունը «նորմալ» դիվանագիտություն է:

«Այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, ավելի ճիշտ է ունենալ բազմավեկտորային քաղաքականություն: Դուք տեսնում եք, որ մեր հարեւան Ադրբեջանը վարում է նման քաղաքականություն, ուղղակի ուրիշ անվան տակ: Ինչպես նաեւ վերջերս տեսնում ենք, որ Աբդուլլահ Գյուլի, Էրդողանի հնչեցրած տեսակետների կողքին կա նաեւ մեր արտգործնախարարի կամ նախագահի կարծիքը, մենք պետք է ակտիվ աշխատենք բոլոր հնարավոր ուղղություններով», ասաց բանախոսը:

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ տարածաշրջանում չի եղել կոմպլեմենտար քաղաքականություն, իսկ եթե եղել էՙ միայն պարտադրված: Բանախոսն իր զեկույցում կարեւորեց, որ պետք է ստեղծել մի նոր դիվանագիտական դպրոց, որտեղ կկենտրոնացվի վերլուծական միտքն ու ջիղը:

Հայկ Դեմոյանը նշեց նաեւ, որ արտաքին քաղաքականության զարգացման կարեւորագույն խնդիրներից է սերնդափոխությունը, եւ հավելեց, որ այդ ներուժը կնպաստի ռեակտիվ կերպով հակազդելու տարածաշրջանից եկող ազդակներին:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4