Մամուլի միջազգային ցուցահանդեսը Թեհրանում շարունակվում է, եւ շարունակվում են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լրագրողների հանդիպումները Իրանի լրատվական, մշակութային եւ քաղաքական գործիչների հետ: Բազմաթիվ այդ հանդիպումներից թերեւս կարելի է առանձնացնել մի քանիսը, մասնավորապես լրագրողների հանդիպումը Իրանի հնագույն լրատվամիջոցներից մեկի` «Էթելաթ» թերթի խմբագրությունում: Այս թերթը Իրանում հրատարակվող ամենահին պարբերականն է, որը ներկայումս լույս է տեսնում 250 հազար տպաքանակով: Բացի օրաթերթից, հրատարակվում են նաեւ մի քանի դայջեստներ, առանձին ամսագրեր, սպորտային, մշակութային շաբաթաթերթեր եւ այլն: «Էթելաթի» աշխատողների թիվը հասնում է մի քանի հազարի, իսկ խմբագիրները 200 հոգուց ավելի են: Թերթն ունի նաեւ իր տպարանը, որտեղ հրատարակվում են մի քանի տասնյակ թերթեր եւ հանդեսներ: Հսկայական այդ հրատարակչությունում կատարած էքսկուրսիայից հետո, առանձին դահլիճում տարբեր երկրներից ժամանած լրագրողներին ընդունեց թերթի խմբագրի տեղակալ Ղասեմզադեն: Վերջինս ներկայացնելով «Էթելաթի» ստեղծման պատմությունը, նշեց, որ այն մասնավոր է եւ գոյություն ունի միայն հրատարակչության եւ գովազդի բերած միջոցների հաշվին: Թերթը մեծ տեղ է հատկացնում երիտասարդ կադրերին եւ տեխնիկական վերազինման խնդիրներին, հրատարակչության շատ գործեր լիովին ավտոմատացված են: Պատասխանելով լրագրողների հարցերին, Ղասեմզադեն ասաց, որ «Էթելաթը» իր ձեւի մեջ համարվում է չափավոր քաղաքական հայացքների թերթ, իրենց չբնորոշելով ոչ լիբերալ եւ ոչ էլ պահպանողական թեւի թերթ, «Մենք կենտրոնում ենք»,- ասաց գլխավոր խմբագրի տեղակալը: Անդրադառնալով թերթի եւ իշխանությունների, ինչպես նաեւ առանձին անհատների միջեւ առաջացած հնարավոր տարաձայնությունների հարցին, վերջինս նշեց, որ Իրանում գործում է հատուկ դատարան, որը ստեղծված է նմանատիպ գործեր քննելու համար, բացի այդ կա հատուկ խորհուրդՙ կազմված լրագրողներից եւ կառավարության ներկայացուցիչներից, որոնք քննում են նմանատիպ հարցերը եւ առաջացած բոլոր հակասությունները: Լրագրողների շահերի պաշտպանությամբ է զբաղվում նաեւ լրագրողների արհմիությունը, որը գործում է Իրանում:
Պատասխանելով «Ազգի» հարցին` համաշխարհային ճգնաժամից հետո Իրանում ստեղծված ֆինանսական եւ տնտեսական իրավիճակի մասին, Ղասեմզադեն ասաց, որ նավթի գների կտրուկ անկումը միջազգային շուկայում իսկապես լուրջ խնդիր է Իրանի համար: Ահմադինեժադի գլխավորությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ այն հնարավորինս քիչ ազդի երկրի տնտեսության վրա, նշեց նա, ասելով, որ թերթի տնտեսագետ-վերլուծաբաններն աշխատում են այս խնդրով եւ իրենց առաջարկներով հանդես գալիս թերթի էջերում: Վերջինս նշեց, որ նավթի գների կրկնակի անկումը իսկապես վտանգավոր իրավիճակ է եւ դա Իրանի համար մեծ խնդիր է:
Լրագրողների համար կազմակերպվող հանդիպումներից եւ էքսկուրսիաներից թերեւս կարելի է առանձնացնել հանդիպումը Սաադաբադ համալիրում, որը Իրանի վերջին շահի ամառային նստավայրն էր: Այստեղ ներկայումս գործում են տարբեր թանգարաններ, հետազոտական եւ մշակութային կենտրոններ, որտեղ մեր այցելության պահին կային նաեւ մեծ թվով երեխաներ Թեհրանի տարբեր դպրոցներից, որոնց բերել էին իրենց երկրի պատմության էջերին ծանոթանալու համար: Ինչեւէ, այս այցից, թերեւս, հետաքրքրականը հանդիպումն էր այս թանգարան-համալիրի տնօրեն տիկին կամ, ինչպես իրանցիները կասեն, խանում Էշրաթ Շայայենի հետ, որն իր հագուկապով եւ պահվածքով, կարելի է ասել, իսկական իրանցի կնոջ կերպար էր: Տկն Շայայենը հանդիպման ժամանակ նշեց, որ ներկայումս Իրանում կինն ազատ է իր ընտրության եւ գործունեության մեջ: «Մենք հարգում ենք մեր օրենքները եւ ավանդությունները, ու դա չի խանգարում, այլ ընդհակառակը, օգնում է Իրանում կնոջը զբաղվել, աշխատել եւ նույնիսկ կարիերա անել ու հասնել հաջողության», հայտարարեց նա: Իր օրինակով նա նշեց, որ չնայած իր ուսերին է կրում նաեւ տան հոգսերը եւ երեխաների խնամքը, հասցնում է նաեւ նման հսկայական թանգարանային համալիր ղեկավարել: Ի տարբերություն Արեւմուտքի, որտեղ, տիկնոջ խոսքերով, կինը «սեքսի ստրուկ» է, իրանցի կինը ազատ է եւ զերծ ամեն տեսակի ոտնձգություններից:
Օրվա երկրորդ կեսին, ինչպես միշտ, մեր խումբը ժամանեց ցուցահանդեսի վայր, որտեղ ամբողջ թափով շարունակվում է լրատվամիջոցների ցուցադրումը: Հայկական տաղավարը, ցուցադրության 3-րդ օրը խղճուկ տեսք ուներ, Երեւանից բերած մեր ցուցադրությունների` բլոկնոտների, պաստառների, բուկլետների մեծ մասը եւ նույնիսկ հայկական դրոշը իրանցիները տարել են որպես հուշանվեր: «Ազգի» եւ «Հայաստանի Հանրապետության» բոլոր համարները նույնպես արժանացել են այդ ճակատագրին: Թե թեհրանցիների ինչի՞ն են պետք հայալեզու մեր պարբերականները` վերջիններս պատասխանում են, որ հայերեն տառերը շատ գեղեցիկ են, եւ մեր թերթերը տանում են որպես հուշանվեր: Մյուս երկրների լրագրողները իրենց տաղավարների ձեւավորման համար օգնություն են ստանում իրենց դեսպանատներից, վերջիններս ակտիվ կերպով օգնում են նրանց, ինչը չես ասի մեր դեսպանության մասին, որտեղ, իրենց իսկ խոստովանությամբ, միայն երրորդ օրն են իմացել ցուցահանդեսի եւ հայկական պատվիրակության ժամանման մասին, սակայն, միեւնույն է, ոչնչով չեն կարող մեզ օգնել:
Ի տարբերություն հայկական դեսպանատան, Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ Քամալ Զարեհին, որն այդ օրերին գտնվում էր Թեհրանում, այցելեց եւ հետաքրքրվեց մեր տաղավարով եւ նրա գործունեությամբ:
Ինչեւէ, հայկական դեսպանատան անտարբերության պայմաններում մեր տաղավարը շարունակվում է մնալ թեհրանցիների ուշադրության կենտրոնում: Առկա հետաքրքրությունը Հայաստանի ու հայերի նկատմամբ մենք փորձում ենք հագեցնել Հայաստանի մասին պատմող ինտերնետ տարբեր սայթերի հասցեներ նրանց հայտնելով, եւ մեր ձեռքին մնացած վերջին բուկլետները բաժանելով: Ինչեւէ, այս հանդիպումները հուշում են, որ իրանցիների մեջ առկա տեղեկատվության պակասը լրացնելու համար վաղուց արդեն ժամանակն է պարսկերեն լեզվով Հայաստանի մասին պատմող տեղեկատվական ցանց ստեղծելու: Այս ցուցահանդեսն ինձ համար թերեւս հետաքրքրական է նաեւ նրանով, որ իմ ծանոթություններն ու հանդիպումները տարբեր երկրներից եկած լրագրողների հետ շարունակվում են: Մասնավորապես, վիետնամական տեղեկատվական գործակալության Միջին Արեւելքի բյուրոյի ղեկավար Ֆամ Ֆու Ֆուկը, որի անունը թերեւս կրակոցի ձայնի է նման, սակայն իրականում նշանակում է երջանկություն, պատմեց, որ մեկ տարի (1973-74) ապրել է Երեւանում եւ ռուսերենը ուսումնասիրել: Նա խնդրեց իր նկարը հրապարակել հույսով, որ այն կարող է տեսնել նաեւ ԵՊՀ-ի նախապատրաստական ֆակուլտետի իր ռուսերենի ուսուցչուհին` Արուս Գեորգեւնա Ահարոնյանը, որի հետ նա ցանկանում է վերականգնել իր կապը:
Ինչեւէ, իրանցիներից ստացած լավ տպավորությունները շարունակում է մթագնել կազմակերպչական վատ աշխատանքը: Օրինակ, Թեհրանից Երեւան նյութ ուղարկելը հավասարազոր է հերոսության, որի համար շքանշան են հանձնում...
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Թեհրան
Նկար 1. Լրագրողներին ընդունեց «Էթելաթ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ղասեմզադեն
Նկար 2. Խանում Էշրաթ Շայայեն
Նկար 3. Արուս Ահարոնյանի ուշադրությանըՙ «Վիետնամական Երջանկությունը» փնտրում է իր հայ ուսուցչուհուն