Թուրք լրագրողը հրատարակել է վաղամեռիկ հայի հուշագրությունը
«Ծնվել եմ Էլազիկում, Թուրքիա եւ չնայած որոշ պատճառներով Գերմանիայում եմ ապրում վերջերս, իմ սիրտը դեռ այնտեղ է, իմ ծննդավայրում», գրել է Սերգիս Իմասը, որի հուշագրությունների գիրքը, ըստ «Հուրիեթ դեյլի նյուսի» նոյեմբերի 8-ի հաղորդագրության, վերջերս լույս է տեսել թուրք կենսագիր եւ լրագրող Ֆարուք Բիլդիրիչիի խմբագրությամբ:
Նրանք իրար երբեք չեն հանդիպել:
«Իմասը Անատոլիայում ծնված հայ էր, որը 1961-ին տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ անցյալ տարի 75 տարեկանում մահացավ: Նա այնքան հպարտ էր իր ծննդավայրով, որ իրեն անվանում էր Մուրատի զավակը: Մուրատը Էլազիկով անցնող գետ է, որին սիրահարված է եղել նա: Մորըՙ Սյուզանին որդեգրել է Սամի Բեյ անունով մի զինվորական բժիշկ եւ այդպիսով փրկել 1915-ի իրադարձություններից», պատմում է Ֆարուքը եւ ավելացնում. «Նա իր նախնիներից 45-ին կորցրել է այդ ողբերգական դեպքերի ժամանակ: Ինքը ողջ է մնացել, բայց միեւնույն է, դարձել է զոհը այդ ամենի եւ մի օր էլ որոշել է գրի առնել իր տեսածներն ու զգացածները: 15 տետրերի մեջ է ամփոփել այդ հիշողությունները, ապա ինձ հետ հեռախոսային զրույցում խնդրել խմբագրել եւ հրատարակել: Նա ինձ ամբողջովին վստահում էր: Ազնիվ մարդ էր եւ շատ անկեղծ: Երբ անցյալ տարի լսեցի նրա մահվան լուրը, որոշեցի խոստումս պահել եւ անպայման հրատարակել նրա գիրքը: Այնտեղ պարփակված են մարդկային կյանքի առօրյա պատմություններ, որոնք թույլ կտան մեզ հայերին նայել այլ աչքերով, առանց նախապաշարմունքների»:
Ֆարուք Բիլդիրիջին Սերգիս Իմասի զավակների միջոցով կարողացել է լրացնել շատ բաց եւ անհարթ տեղեր հուշագրության մեջ: Իմասը կետադրական նշաններ չի օգտագործել եւ գրել է ոչ ժամանակագրական կարգով, պարզապես գրի է առել այն, ինչ ինքն է հիշել կամ ինչ նրան պատմել են իր ազգականները: «Մորաքույրս Երեւանում է թաղված, հորեղբայրսՙ Ամերիկայում, իսկ հորեղբորս որդինՙ Փարիզում: Ինչո՞ւ պիտի մեր կյանքն այսպես դասավորվեր», հարցրել է օրագրի էջերից մեկում:
Իմասը ինքն էլ է իր մաշկի վրա զգացել խտրականության դրսեւորումները Թուրքիայում: Ճանապարհային ոստիկանությունը, որ իրեն արդարացրել է մի անգամ տեղի ունեցած վթարի ժամանակ, հետագայում, իմանալով, որ հայ է, փոխել է կարծիքը եւ ամբողջովին մեղադրական զեկուցագիր պատրաստել նրա դեմ: Մեկ ուրիշ անգամ իր սիրած թուրք աղջկա հայրը նրան բացատրել է, որ եթե նույնիսկ իր ունեցած հավերի քանակով աղջիկ ունենար, չէր թույլատրի, որ նրանցից մեկնումեկը սիրահարվեր հային: Հակառակ դրան, նա ամուսնացել է իր այդ առաջին սիրո հետ, բայց հետագայում բաժանվել եւ տեղափոխվել է Գերմանիա:
Մյուս կողմից, նա սիրով է հիշել իր թուրք բարեկամներին, որոնք իր մոտ են եկել որպես Քադիքոյի լավագույն խառատը: «Կարծում եմ, պետք է սովորենք նայել պատմությանը խաղաղությամբ», եզրակացրել է Բիլդիրիջին «Հուրիեթ դեյլի նյուսի» լրագրողի հետ իր հարցազրույցի վերջում:
Հ. Ծ.