Պետական երաշխքիներ մասնավոր հատվածին
«Պետական պարտքի մասին» օրենքում երեկ կառավարության կատարած լրացմամբ նախատեսվում է բացառություն սահմանել պետական երաշխիքների տրամադրման գործող սահմանափակման համար, ինչը թույլ կտա պետական խոշոր գնումների եւ ճգնաժամային իրավիճակներում տնտեսության մեջ վարկային ռեսուրսների պահանջներն ապահովելու համար կիրառել պետական երաշխիքը որպես գործիք: Այս օրինագծի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես, նշեց, որ արդեն հայտարարվել է վարչապետի որոշմամբ ստեղծվող հանձնաժողովի մասին, որը քննարկելու է մասնավոր հատվածի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերը: «Դրանք մի կողմից` ուղղված են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը, մյուս կողմից` հնարավորություն են ընձեռելու մեր ձեռնարկություններին դիմադրելու այն վտանգներին եւ խնդիրներին, որոնք առաջանում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագայում», ասաց վարչապետը, ավելացնելով, որ ձեռներեցներին օժանդակելու գործիքներից մեկը կառավարության կողմից պետական երաշխիքներ տալն է այդ ձեռնարկություններին: «Մյուս գործիքն այն էր, որ մենք մասնակցելու ենք կապիտալում, տրամադրելու ենք սուբսիդիաներ եւ այլն»: Ըստ Տիգրան Սարգսյանի, հանձնաժողովում քննարկվելու են նախարարությունների, մարզպետարանների հավաքած ԳԱԱ եւ գիտահետազոտական ինստիտուտներից ներկայացվող ծրագրերը: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի փորձագետները, այդ թվում` նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:
50 մլն դոլար ճգնաժամին դիմակայելու համար
Կառավարությունը երեկ որոշեց արտաբյուջետային բանկային հաշվի միջոցներից մինչեւ 17 մլրդ դրամ հատկացնել «Գերմանա-հայկական հիմնադրամի»ՙ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրի վարկավորման բաղադրիչի համաֆինանսավորմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը սա համարեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում մեր երկրում իրականացվող կարեւորագույն միջոցառումներից մեկը, նշելով, որ հիշյալ լրացուցիչ միջոցների տրամադրումը հնարավորություն կընձեռի հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկատերերի ստանալու վարկային միջոցներ, կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր:
«Պետք է անպայման արձանագրենք, որ մենք` ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, այսօր ունենք հարաբերական առավելություն, դա մեր բանկային համակարգն է, որ, ի տարբերություն մնացած բոլոր հանրապետությունների, ոչ միայն դիմակայել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, այլեւ դրսեւորում է բավականին լավ ցուցանիշներ: Այս պահի դրությամբ, 20 միլիարդից ավելի շահույթով է աշխատում բանկային համակարգը` համարժեքության նորմատիվը 27 տոկոս է` 12-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ բանկերն ունեն կապիտալի անհրաժեշտ մակարդակ, սեփականատերերն իրենց անձնական միջոցներով բարձրացնում են բանկերի հուսալիության մակարդակը` նորմատիվից երկու անգամ ավելի: Լիկվիդայնության մակարդակը 95 տոկոս է կազմում, ինչը նորմատիվից բարձր է: Այս միջոցներն էլ, որ հիմա լրացուցիչ տրամադրելու ենք բանկային համակարգին, էապես ակտիվացնելու են մեր տնտեսական կյանքը», մասնավորեցրեց վարչապետը, տեղեկացնելով նաեւ, որ այս 50 մլն դոլարի հատկացմանը հետեւելու է եւս 250 մլն դոլարի տրամադրում, որի վերաբերյալ բանակցությունները Համաշխարհային բանկի հետ «բավականին արդյունավետ են ընթանում»: Նա հույս հայտնեց, որ այդ գումարի առաջին չափաբաժինը կստանանք 2009-ի առաջին եռամսյակի ընթացքում:
Համահայկական բանկըՙ 2009-ի հունվարին
«Համահայկական բանկի մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթները կառավարության կողմից երեկ հաստատելու եւ ԱԺ քննարկմանը ներկայացնելու նպատակը Համահայկական բանկի եւ գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումն է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ կապակցությամբ նշեց, որ երկրի նախագահի նախանշած երեք խոշոր ծրագրերիցՙ Իրան-Հայաստան երկաթուղի, նոր ատոմակայան, երրորդը համահայկական բանկի ստեղծումն է, որը նախատեսվում է 2009-ի հունվարին: Առաջին անգամ, ըստ վարչապետի, Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է բանկի հիմնադրման:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ