ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ այդմ առաջարկվում է հանրապետության դատարանների դատավորների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը տեղեկացրեց, որ հանրապետության դատավորների աշխատավարձը 2009 թ-ին կրկնակի կբարձրացվեն` ներկայիս 220 հազ.-ի փոխարեն սահմանելով 440 հազ. դրամ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սա քաղաքական լուրջ որոշում է, որով դատական համակարգին լուրջ ֆինանսական հատկացումներ են ուղղվելու: «Դա միաժամանակ նշանակում է, որ հասարակության կողմից դատավորներին ներկայացվող պահանջները նույնպես կտրուկ ավելանալու են»,- նախազգուշացրեց ՀՀ վարչապետը: