«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ՆՇՎԵՑ ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԸ

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում երեկ անցկացվեց Ֆադեյ Սարգսյանի 85-ամյակին նվիրված գիտաժողով:

«Ֆադեյ Սարգսյանը մեր ապրած ժամանակի եւ իրականության կենսական հարստությունն է, որին ճանաչելը հավասարազոր է կյանքի ճշմարտության բացահայտման», ելույթում նշեց գրող-հրապարակախոս Զորի Բալայանը:

Ֆ. Սարգսյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է Երեւանի ճարտարագիտական համալսարանից (1940-1942 թթ.), այնուհետեւ շարունակվել Տոմսկի զինվորական էլեկտրատեխնիկական կապի ակադեմիայում: 1967-1977 թթ. հայրենական ռադիոլոկացիոն տեխնիկայի զարգացմանը նվիրված նրա աշխատանքները մեծ ներդրումներ են եղել ռադիոէլեկտրոնային միկրոսխեմաների, բարդ սարքավորումների մշակման-արտադրման գործում: Նկարագրելով խոշորագույն ձեռքբերումները հանրապետության հաշվողական տեխնիկայի զարգացման գործում, Զ. Բալայանն առանձնացրեց հոբելյարի դերն ու գործունեությունը «Հրազդանմեքենա», «Արաքս», «Մարս», «Տրանզիստոր» միավորումների, ինչպես նաեւ մի շարք նոր էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ստեղծման եւ շահագործման մեջ:

Ֆադեյ Սարգսյանը, տարբեր միջազգային ակադեմիաների անդամ է: Արժանացել է պետական բազմաթիվ մրցանակների, պարգեւատրվել ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր մեդալով եւ Հանովերի (Գերմանիա) բնական գիտությունների եւ արվեստների ինստիտուտի «Ոսկե թագ» աստղով: Հուշերն ու հայ ժողովրդի խորհրդային տարիների կեսդարյա շնչառությունը Ֆ. Սարգսյանն ամփոփել է «Կյանքի դասերը» ինքնակենսագրականում:

85-ամյակի առթիվ հոբելյարին շնորհավորեցին Գարեգին Բ Վեհափառը, Վլադիմիր Մովսիսյանը, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն ու այլ պատվավոր այրեր: Մեծարման երեկույթի ավարտին Ֆ. Սարգսյանը պարգեւատրվեց Եվրոպական ակադեմիայի «Սուրբ Գեւորգ» մեդալով, եւ ցուցադրվեց ռեժիսոր Մարինա Աբելյանի «Հայը» վավերագրական ֆիլմը :

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4