Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպեցին ՀԹԳ միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, միության քարտուղար Սոնա Մելոյանը: Հանդիպման առիթը նոյեմբերի 21-28-ը Երեւանում անցկացվող «Երիտասարդ թատերական ռեժիսուրա» 3-րդ հանրապետական փառատոնն էր, որը բազմաժանր է. խաղացանկում կան ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակից հեղինակների գործեր: Փառատոնային 12 ներկայացումներից 4-ը ֆինանսավորել է Հայաստանի թատերական գործիչների (ՀԹԳ) միությունը եւ ցուցադրվելու է իրենց դահլիճում: Փառատոնի աշխատանքներին ընդգրկվել են եւ ակտիվ մասնակցություն են ցուցաբերելու երիտասարդ թատերագետներ, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ, որոնք հանդես կգան իրենց մասնագիտական խոսքով եւ լայնորեն կլուսաբանեն բեմադրությունները «Թատրոն» պարբերականում:
Հակոբ Ղազանչյանը նշեց. «Փառատոնը մրցութային չէ: Նրա համար է, որպեսզի մենք այս հավաքական փնջի մեջ` բեմադրիչ, դերասան եւ թատերական նկարիչ տեսնենք, թե ի՞նչ է կատարվում ժամանակակից երիտասարդ հայ ռեժիսուրայում: Իհարկե փառատոնի փակումը կնշանավորվի դեկտեմբերի 3-ին կայանալիք հավաքով, որտեղ մասնակիցներին կհանձնվեն նվերներ, պատվոգրեր»: ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ՀԹԳ միությունը երիտասարդ բեմադրիչներին, դերասան եւ թատերական նկարիչներին աջակցելու նպատակով արդեն 3-րդ անգամ անց է կացնում այս փառատոնը: Անդրանիկ փառատոնը նախաձեռնեց ՀԹԳ միության նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը եւ այդ ավանդույթը շարունակվում է: 2007-ին երիտասարդ ստեղծագործողների 2-րդ փառատոնը անցկացվեց Գյումրիում: Այս փառատոնին Գյումրին կմասնակցի մեկ ներկայացումով, իսկ Վանաձորը` երկու:
Փառատոնի մեկնարկը կտրվի այսօր Հ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոնի շենքում, ուր ժամը 14.00-ին կներկայացվի երիտասարդ բեմադրիչ Նարինե Գրիգորյանի աշխատանքը` «Օրիորդ Գեներալ» իտալական ժողովրդական հեքիաթը: Իսկ ժամը 19.00-ին ՀԹԳ միության բեմում Վ. Սիգարեւի «Fantom-ային ցավեր» ներկայացումը, որի բեմադրիչն է Գրիգոր Խաչատրյանը:
Ներկայացումներ կլինեն նաեւ ՊՀԹ-ի, պետական կամերային, Ստանիսլավսկու անվ, պետ. ռուսական թատրոնների շենքերում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ