«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԸՆԴՈՒՆՎԱ՞Ծ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

Անփութությո՞ւն, պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն: Սրանք հարցեր են, որոնք առաջանում են հայության համար ռազմավարականՙ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բուհերում սովորող հայ ուսանողներին օժանդակելու ծրագրի ֆինանսավորման համար ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի կազմակերպչական մասում առկա իրողություններն ուսումնասիրելիս: Եվ այսպես http://www.armeniadiaspora.com կայքէջում հոկտեմբերի 10-ին նշված մրցույթի առնչությամբ տրված հայտարարությունում Louys բառում «0»-ն սիմվոլ է եւ ոչ տառ, ինչն ուղղակիորեն դժվարացնում է ինտերնետային որոնման համակարգում հայտարարություն գտնելը: Բացի այդ, կա նաեւ "Louys" Foundation անվամբ հիմնադրամ, որը վերոնշյալից տարբեր էՙ www.louys.org: Սա էլ իր հերթին մեկ այլ խոչընդոտ է հայտարարությունը գտնելու: Հարցեր առաջացնող փաստերից մեկն էլ այն է, որ armeniadiaspora.com- հայտարարությունում նշված չեն այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են հայտ ներկայացնելու համար: Թվարկվածից զատ մի փաստարկում էլՙ հոկտեմբերի 14-ին http://www.career.am/Job.aspx?JobID=701 կայքէջում տեղադրված հայտարարությունում հայտերի ընդունման վերջնաժամկետը նշված է նոյեմբերի 13-ը, իսկ մինչ այդՙ նոյեմբերի 15-ը: Հայերեն պաշտոնական հայտարարությունը, որ հրապարակվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում նոյեմբերի 14-ինՙ մրցույթը սկսելուց 25 օր անց եւ վերջնաժամկետից միայն 10 օր առաջ, հետեւել էր նշված ծրագրի հեղինակ Արթուր Իշխանյանի հոկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսին, որում նա անհանգստություն էր արտահայտել գործընթացների հրապարակայնության պակասի առնչությամբ: Մինչդեռ ծրագիրը մրցույթի հայտարարման փուլ էր հասելՙ անցնելով անհրաժեշտ բոլոր քննարկումներն ու հանրապետության նախագահի եւ վարչապետի անմիջական աջակցությունը միմիայն հրապարակային ու թափանցիկ:

Սակայն սա էլ վերջը չի զարմանք հարուցող փաստերի շարքում: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտարարության տեքստում նշված չէ ո՛չ հասցե, եւ ո՛չ հեռախոսահամար, տրամադրված միակ տվյալը էլեկտրոնային փոստի հասցեն էՙ luys@gmail.com, որն էլ գոյություն ունենալ չի կարողՙ Google Mail-ի համակարգը պահանջում է հասցեն կազմել ոչ պակաս, քան 6 տառից բաղկացած բառով:

Թվարկվածն, իհարկե, որեւէ, առավել եւս միջազգային ընդունված չափանիշների ու սկզբունքների շրջանակում դիտարկելն անհնար է: Նկարագրվածն ուղղակիորեն հակասում է ՀՀ վարչապետի մոտ ընթացիկ տարվա հունիսի 27-ին կայացած խորհրդակցության արձանագրությունում նշված հետեւյալ կետինՙ «Լույս» հիմնադրամը գործելու է նման կրթական հիմնադրամներին բնորոշ միջազգայնորեն ընդունված սկզբունքներով ու չափանիշներով:

Հակասությունն այս տրամաբանական մոտեցմամբ դրականորեն բացատրելը հազիվ թե հնարավոր է: Կարելի է եզրակացնել, որ գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության պակասը նշյալ փուլում կասկածելի շահերի ներառման փորձ է:

Պ. Ն.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4