«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

Նկարիչների միությունում

Երեկ նկարիչների տանը բացվեց «Ախտորոշում միջախտորոշում» խորագրով ժամանակակից արվեստի միջազգային ֆորում: Նպատակն է վեր հանել մշակութային ու սոցիալական մի շարք խնդիրներ: Բացի ցուցադրությունից «Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան» կազմակերպել է նաեւ սեմինարներ «Քաղաքային փոխակերպումներ», «Մշակութային դիմադրություն», «Արտագաղթ» եւ այլ թեմաներով:

Ֆորումի մեկնարկին «Նովոստի» մամուլի կենտրոնում նախորդեց հանդիպում արվեստաբան Սուսաննա Գուլումյանի, արվեստագետներ Կառլ Ինգար Ռոյսի (Նորվեգիա) եւ Ալեն Դենիել Ֆորտեի (Կանադա) հետ: Միջոցառումներին կմասնակցեն արվեստագետներ Ֆրանսիայից, Իռլանդիայից, Նորվեգիայից, Կանադայից: Շատ են նաեւ հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչները:

«Ժամանակակից արվեստի ընկալման վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ ունենք: Հաճախ ասում են, թե մեր ներկայացրածն արվեստի ժանր չէ, սակայն պետք է կարողանանք դուրս գալ կարծրատիպերից, որպեսզի ընկալումն էլ ավելի դյուրին լինի: ժամանակի ընթացքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Ոգեւորում է այն ստվար զանգվածը, որ գալիս է ցուցադրություններին, հետաքրքրվում, հարցեր տալիս: Բացի այդ, հենց այն հանգամանքը, որ ֆորումն անցկացվում է Նկարիչների միությունում, արդեն վկայում է, որ սառույցը հալվել է, իսկ հետագա աշխատանքը միայն կնպաստի բարձրաճաշակ արվեստի տարածմանը», ասաց Սուսաննա Գուլումյանը:

Ալեն Ֆորտեն արդեն 2 ամիս բնակվում է Երեւանում: «Արտագաղթ, վտարանդիություն» կոչվող ստեղծագործությունում անդրադարձել է մարդկանց միջեւ ծավալվող հարաբերություններին, խնդիրներին:

«Ազգ»-ի հետ զրույցում էլ թայվանցի արվեստագետ Սյուսյու Շուլինգը նկատեց. «Փոքրիկ երկիր է, բայց այնքան գեղեցիկ արվեստ ունի: Զարմացնում է ապագայի նկատմամբ հայերի հույսն ու լավատեսությունը: Ստեղծագործությունն անվանել եմ «Հիման անցյալն է», որովհետեւ ամեն ինչ այս կյանքում կրկին ծնվում է: Ցայտուն օրինակներ կարելի է գտնել բնության մեջ: Գարնանը ծաղիկները ծաղկում են, աշնանըՙ թոռոմում, իսկ հաջորդ գարնանը` վերածնվում: Աշխատանքը հույսի մասին, որ ամեն ինչ դեռեւս ավարտված չէ»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4