«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ՀԱՐՐԻ ՄԱՆԳՈՒՐՅԱՆ (ԿՐՏՍԵՐ)

Ֆորտ Լոդերդեյլի (Ֆլորիդա) Ս. Խաչ հիվանդանոցում 82 տարեկանում սպիտակարյունությունից հոկտեմբերին վախճանվել է Հայաստանի ծառատնկման ծրագրի անխոնջ ջատագովներից, «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային խմբի նախկին սեփականատեր Հարրի Մանգուրյանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 8-ի համարը:

Մանգուրյանը ծնվել է Ռոչեստերում (Նյու Յորք) եւ Բրայտոնի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո համաշխարհային Բ պատերազմի ժամանակ ծառայել ամերիկյան բանակում: Աշխատանքային գործունեությունը սկսել է բացելով կահույքի խանութ, որից հետո ամեն մի նոր գործ ձեռնարկելուց հասել է աննախադեպ հաջողության: Մեծ սիրահար է եղել ձիերի եւ զբաղվել է ձիաբուծությամբ: Նրա «Դեզերտ վիքսեն» անունով ձին 1979-ին տեղ է գրավել ձիարշավի ազգային թանգարանի համբավավոր ձիերի ցուցակում: Իսկ իր «Բոստոն Սելտիքս» բասկետբոլի խումբը 1981-ին դարձել է ազգային ասոցիացիայի չեմպիոն:

Եղել է առատաձեռն, բայց չի սիրել իր բարեգործությունների մասին բարձրաձայնել: 2001 թվի սեպտեմբերի 11-ի իրադարձությունից հետո 1 միլիոն դոլար է նվիրել Նյու Յորքի հերոսների ֆոնդին: Վերջերս 5 միլիոն դոլար է նվիրել Ս. Խաչ հիվանդանոցին կանանց համար մի նոր մասնաճյուղ կառուցելու նպատակով: Անցյալ տարի առաջարկել է կրկնապատկել մինչեւ 500.000 դոլարի ամեն մի նվիրատվություն` տրված Հայաստանի ծառատնկման ծրագրին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4