«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ԶԱՎԵՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ` ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Ներկայիս Լոս Անջելեսի կենտրոնական շրջանի գերագույն դատարանի (ԼԱԳԴ) գործող դատավոր Զավեն Սինանյանը ԼԱԳԴ-ի խորհրդի երաշխավորությամբ ընտրվել է Կալիֆոռնիայի դատավորների ասոցիացիայի անդամ (ԿԴԱ), տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 8-ի համարը: ԿԴԱ-ն հիմնվել է 1929-ին որպես բարձր որակավորում ունեցող մասնագետների խումբ, որը պետք է պաշտպանի Կալիֆոռնիա նահանգի դատավորների շահերը, պահպանի դատավորների անկախությունն ու անաչառությունը, բարձրացնի վստահությունը դատարանների նկատմամբ եւ ամրապնդի հարաբերությունները իշխանության երեք ճյուղերի միջեւ: Դա ամբողջ երկրի ամենամեծ ասոցիացիան է եւ ներկայացնում է 2600 գործող եւ թոշակառու դատավորների:

Սինանյանը միաժամանակ անդամ է Լոս Անջելեսի փաստաբանների ասոցիացիայի դատավեճերի հարթեցման գործադիր վարչության եւ մի շարք այլ կոմիտեների, նաեւ հայկական համայնքում ակտիվ հասարակական գործիչ, իրավաբանական խորհրդատու եւ երիտասարդ փաստաբանների դաստիարակ: Նա համահեղինակ է Հայոց ցեղասպանության օրենքը ԱՄՆ-ի սահմանադրությանը համապատասխանեցնելու իրավական փաստաթղթի, որը ստորագրել է գլխավոր դատախազ Բիլ Լոքյըրը: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4