Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նիստին երեկ պարզաբանումներ են տվել Հայաստանի ոստիկանապետի տեղակալներ Հովհաննես Հունանյանն ու Արմեն Երիցյանը: Մինչ այդ ԺՀ նախագահ Սամվել Նիկոյանը հանձնաժողովականներին տեղեկացրել է ոստիկանությանն ուղղված այն նամակի պատասխանի մասին, որով ԺՀ-ն խնդրում էր հատուկ միջոցների կիրառման եւ հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքով զեկուցագրերի եւ կատարված ծառայողական քննությունների պատճենները տրամադրել: Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի պատասխան նամակում նշված է, թե ոստիկանությունը ցավում է նման պարզունակ հարցով երրորդ անգամ դիմելու առթիվ, ինչն էլ վրդովեցրեց հանձնաժողովականներին:
Ա. Երիցյանն էլ երկրորդեց այն պատասխանը, որ հնչեցրել էր Ա. Աֆյանը նախորդ նիստին, թե զենք կիրառելու հրաման չի եղել, ոստիկանության աշխատակիցներն անզեն են եղել, ոստիկանության զորքն է զինված եղել, իսկ ոստիկանը կարող է զենք կիրառել, եթե մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում:
«Ազգային միաբանությունը» ներկայացնող Սարգիս Մուրադխանյանը ներկայացրեց ԱՄ հայտարարություն-առաջարկը, որով հանձնաժողովին առաջարկվում է միջնորդել նախագահ Սերժ Սարգսյանին` ազատ արձակելու մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին: Հանձնաժողովի անդամները նշեցին, թե իրավասու չեն իրենց կուսակցությունների անունից որոշում կայացնելու, Մուրադխանյանն իր անունից որպես հանձնաժողովական թող առաջարկի` քննարկեն:
Ի դեպ, երեկվա նիստին պիտի ներկայանային եւ պարզաբանումներ տային նաեւ Դավիթ Շահնազարյանն ու Լեւոն Զուրաբյանը, ինչը նրանք մերժել են:
Մ. Խ.