Արիստոմենե Վարուդակիսը նաեւ հույս հայտնեց, որ փետրվարին Հայաստանը կստանա ՀԲ նոր վարկը
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամիՙ Հայաստանի վրա ունեցած ազդեցության, դրան դիմակայելու ուղղությամբ Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մասին էր մեր հարցազրույցը Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ:
- Պրն Վարուդակիս, համաշխարհային ֆինանսական ճգնաժամն այսօր աշխարհում քննարկվող թեման է: Հայաստանում եւս այն սկսել է իր ազդեցությունը թողնել: Բնականաբար, այդ ազդեցությունը բացասական է, բայց, մյուս կողմից, հայկական բանկերից մի քանիսը ճգնաժամի այս ժամանակաշրջանում խոշոր ֆինանսական ներարկումներ ստացան միջազգային տնտեսական կառույցներից եւ բանկերից: Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է ճգնաժամի բացասական ազդեցությունը Հայաստանի վրա: Բացի բացասականից, այն ի՞նչ հնարավորություններ է ստեղծել մեր տնտեսության համար:
- Մենք տեսնում ենք, որ մեծ տնտեսություններ ունեցող երկրներըՙ ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Ճապոնիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ մյուսները, մեծ խնդիրներ ունեն: Դրանք թե Հայաստանի առեւտրային գործընկեր խոշոր երկրներն են եւ միաժամանակ այն երկրները, որոնցից Հայաստանը զգալի դրամական փոխանցումներ է ստանում, ինչը կազմում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 20 տոկոսը: Հետեւաբար, քանի որ այդ երկրների տնտեսությունները կրում են ֆինանսական ճգնաժամի հետեւանքները, դա անդրադառնում է նաեւ Հայաստանում: Մասնավորապես Ռուսաստանում ակնկալվում է ընդամենը 2 տոկոս տնտեսական աճ, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները Հայաստան կկրճատվեն: Հայկական բանկերը կստանան քիչ դրամական փոխանցումներ, կունենան քիչ ռեսուրսներ վարկավորման համար: Անցյալ տարի հայկական բանկերը շատ փոխառություններ վերցրեցին իրենց «մայր» բանկերից: Հիմա դա էլ է դժվարացել, որովհետեւ հայկական բանկերի եվրոպական կամ ռուսական «մայր» բանկերն այդ ռեսուրսները չունեն, ունեն լիկվիդայնության խնդիր, եւ փողը թանկացել է: Հետեւաբար, նրանք դժվարանում են ավելի մեծ միջոցներ տրամադրել Հայաստանի իրենց մասնաճյուղերին: Բացի այդ, միջազգային շուկայում գներն ընկնում են, մասնավորապես նաեւ պղնձի գները, եւ Հայաստանի տնտեսության կարեւոր ոլորտներից մեկըՙ հանքարդյունաբերությունը զգալի վնասներ է կրում: Այսինքն, եթե այս ամենը ի մի ենք բերում, ապա ֆինանսական հոսքերը նվազում են, արտահանումը նվազում է եւ Հայաստանի տնտեսական իրավիճակը վատանում է: Սա բացասական կողմն է, բայց կա նաեւ դրական կողմ:
Դրականն այն է, որ Հայաստանի տնտեսությունն ունի հզոր պաշտպանիչ շերտեր: Նախՙ ֆինանսական համակարգը առողջ է, ապաՙ պետական պարտքը ցածր էՙ ՀՆԱ-ի մոտ 17 տոկոսը, երրորդՙ Հայաստանն ունի համապատասխան քանակի արտաքին պահուստներ: Հայկական բանկերը լավ կապիտալիզացված են եւ ունեն բարձր լիկվիդայնություն: Նրանք իրենց խնդիրներով տարբերվում են ռուսական, եվրոպական եւ ամերիկյան բանկերից: Հայաստանի այդ երեք պահպանիչ շերտերին ես կավելացնեի հմուտ տնտեսական կառավարումը: Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը բավականին ակտիվ է եղել կանխատեսելու այդ զարգացումները եւ 2009-ի համար միջոցներ ձեռնարկելու այդ պաշտպանիչ շերտերն ավելի ամրապնդելու ուղղությամբՙ Համաշխարհային բանկի եւ մյուս գործընկերների հետ:
- Վերջերս Դուք հանդիպեցիք վարչապետի հետ եւ քննարկեցիք Համաշխարհային բանկի կողմից 250 մլն դոլար Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի համար վարկի տրամադրումը հնարավորինս արագ ձեւակերպելու հարցը: Ի՞նչ փուլում են այդ վարկի ձեւակերպման հարցը եւ ընդհանրապես Հայաստանին աջակցելու ՀԲ ծրագրերը:
- Դա այն քաղաքականությունն է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է իրականացնել որպես արձագանք այդ ճգնաժամին: Հաջորդ տարի հայկական բանկերն ավելի շատ դժվարություններ կունենան «մայր» բանկերից, թե՛ վարկերի, թե՛ դրամական փոխանցումներով միջոցներ ներգրավելու առումով: Բանկերի համար շատ կարեւոր է այլընտրանքային միջոցներ ապահովելը, որպեսզի կարողանան վարկավորել տնտեսությունը եւ մասնավորապես փոքր ու միջին բիզնեսին: ՀԲ-ն շարունակում է աշխատել կառավարության հետ այդ ուղղությամբ, որի շրջանակներում հանդիպեցինք վարչապետի հետ:
- Այնուամենայնիվ, այդ 250 մլն դոլար կազմող վարկային ծրագիրը որքա՞ն արագ կհաստատվի:
- Այդ ուղղությամբ աշխատում ենք գիշեր-ցերեկ: Բառացիորեն գիշեր-ցերեկ, որովհետեւ, երբ այստեղ ցերեկ է լինումՙ մենք ենք աշխատում, երբ գիշերՙ մեր գործընկերները Վաշինգտոնում: Ակնկալում ենք, որ հունվար-փետրվարին ՀԲ տնօրենների խորհուրդը կհաստատի այդ վարկը եւ փետրվարի վերջին արդեն գումարը կտրամադրենք:
- Համաշխարհային ճգնաժամի մասին խոսելիս, սովորաբար խոսում են նաեւ սպասումների մասին: Այդ կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած այն տեսակետը, որ կեղծ տեղեկություններ տարածելը կխորացնի ճգնաժամը եւ պետք է կանխել դա, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Դուք այդ գործոնն այդքան կարեւո՞ր եք համարում եւ այն կարո՞ղ է մեծ ազդեցություն ունենալ ճգնաժամի խորացման վրա:
- Այո, մեծ ազդեցություն կարող է ունենալ: Սպասումները կարող են ավելի վատթարացնել իրավիճակը եւ ընդհակառակը: Օրինակՙ եթե մարդիկ մտածեն, որ փողը կարժեզրկվի, արտարժույթ գնեն զանգվածաբար, այդ խուճապից ճգնաժամն ավելի կխորանա:
- Այժմ անդրադառնանք մեր տնտեսության իրական հատվածի վրա ճգնաժամի ազդեցության հարցերին: Բացի հանքարդյունաբերությունից, հնարավոր դժվարությունների մասին են սկսել խոսել նաեւ արդյունաբերության մյուս ճյուղերը: Ի՞նչ եք կարծում, որքանով այդ դժվարությունները կխորանան իրական հատվածում:
- Դժվար է կանխատեսումներ անելը: Եթե դրամական փոխանցումները նվազեն, կնշանակի, որ երկրի ներսում սպառումը կնվազի: Հանքարդյունաբերության արտահանումը նվազել է: Հնարավոր է, որ զբոսաշրջիկների քանակն էլ նվազի: Բայց, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում երրորդ օպերատորի գործունեություն սկսելը նշանակում է, որ դրական զարգացումներ կլինեն, նոր ներդրումներ կլինեն, հետեւաբար նաեւ սպառումը կավելանա: Մրցակցության արդյունքում կարող են նաեւ գները իջնել, նաեւ ինտերնետի գներն իջնել, նոր ընկերություններ ներդրումներ կանեն: Չնայած սպասվում է զբոսաշրջիկների թվի կրճատում, բայց եթե ավիաընկերությունների միջեւ մրցակցություն լինի եւ գներն իջնեն, հնարավոր է, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան: Այսինքն, այս պահն օգտագործելովՙ Հայաստանը կարող է ներդնողների համար ավելի բարենպաստ երկիր դառնալ:
- Այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկվող քայլերը, ինչպես նաեւ ՀԲ-ից, Եվրոբանկից, Ասիական զարգացման բանկից եւ այլ աղբյուրներից ակնկալվող գումարների տրամադրումը բավարար կլինե՞ն ճգնաժամի հետեւանքով Հայաստանի կորուստները հաղթահարելու համար:
- Դա մարտահրավեր է: Մենք աշխատում ենք կառավարության եւ հասարակության հետ ստեղծելու համար առաջիկա 4 տարիների «Երկրի գործընկերության ռազմավարությունը» եւ ցանկանում ենք հավատալ, որ այդ ամենը կարվի, մասնավորապեսՙ կառավարումը կլավանա: Խոսքը ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր կառավարման մասին է: Հայաստանը պետք է ունենա թափանցիկ հարկային եւ մաքսային համակարգեր, հեշտանա ներմուծում-արտահանումը, բարձրանա ընկերությունների թափանցիկությունը, հեշտացվի նրանց համար բանկերից վարկեր ստանալը, գիտելիքի վրա հենված տնտեսությունը ստեղծվի եւ ինովացիաները խթանվեն, հատուկ ուշադրություն դարձվի կրթական համակարգին: Շատ կարեւոր է, որ ենթակառուցվածքները բարելավվենՙ ճանապարհները եւ այլն: Եթե երկրի տնտեսությունն ունի բարձր մրցունակություն եւ բոլոր բարելավված պայմանները, լավ կառավարում, դա նշանակում է, որ նա կկարողանա դիմակայել դժվարություններին:
- Այդ ռազմավարությունը ե՞րբ պատրաստ կլինի:
- Ակնկալում ենք, որ եկող տարեսկզբին ՀԲ տնօրենների խորհուրդը կհաստատի:
- Ռազմավարության մեջ ինչի՞ վրա է դրվում հիմնական շեշտը:
- Թերեւս ամենակարեւոր շեշտադրումը կունենա կառավարումը: Կառավարման բարելավումն, իհարկե, չի նշանակում միայն հարկային եւ մաքսային բարեփոխումներ: Դա նշանակում է նաեւ շարքային քաղաքացիների կյանքի բարելավում առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:
Հարցազրույցը վարեց ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ