«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՎՐԱ

Երեւանի տարբեր փողոցներում մեր անցկացրած հարցախույզը հիմնականում վերաբերում էր ռադիոակտիվ ճառագայթմանը, դրա ազդեցությանը մարդու առողջության վրա, եւ թե ինչպե՞ս կարող են մարդիկ պաշտպանվել դրանցից: Հարցերի շրջանակում էր նաեւ Մեծամորի ԱԷԿ-ը` կա՞ արդյոք վստահություն նրա ապահովության առումով: Նախ եւ առաջ նշենք, որ ընդհանուր հարցվողների (մոտավորապես 130 հոգի) 50 տոկոսից ավելին դժվարանում էր մեր հարցերին պատասխանելուց` նշելով, որ դրանք ավելի շատ վերաբերում են ֆիզիկոսներին: Կարելի է ասել` 25-60 տարեկան անձինք էին միայն (մոտավորապես 45 տոկոս), որոշակի չափով տեղեկություն ունեին նման հարցերից: Վերջիններս գիտեին, որ ռադիոակտիվ ճառագայթները, ինչ խոսք, ազդում են մարդու առողջության վրա` առաջացնելով առաջին հերթին քաղցկեղ (ի դեպ, ոմանց կարծիքով, այս վերջին 5 տարիների ընթացքում հիմնականում ռադիոակտիվ ճառագայթման հետեւանքով քաղցկեղով մահացության դեպքերն ավելացել են հանրապետությունում), եւ այդ ճառագայթները ոչնչացնում են մարդու արյան կարմիր գնդիկները: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս է ազդում եւ ինչպե՞ս կարելի է պաշտպանվել նման ճառագայթումներից, հարցվողների (25-60 տարեկան) մոտ 15 տոկոսն էր տեղյակ ճառագայթումներից պաշտպանվելու ձեւերին: Ոմանք նշում էին, որ ռետինե հագուստն այս դեպքում չի կարող մարդուն ամբողջովին պաշտպանել: Ոմանք էլ գտնում էին, որ ամբողջությամբ արճիճով պատված մարդը միայն կարող է պաշտպանվել վտանգավոր այդ երեւույթներից:

Թերեւս հարցերի հարցը վերաբերում էր Մեծամորի ԱԷԿ-ին: Նշենք, որ ընդհանուր հարցվողների կողմից հնչեցին տարբեր կարծիքներ ԱԷԿ-ի ապահովության մասին: Շատերը (55 տոկոս եւ ավելին) այն համոզմունքն էին հայտնում, որ վաղ թե ուշ Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է բերելու իր հետ (օրինակ էին բերում Չեռնոբիլի դեպքերը), հնչեց նաեւ հետեւյալ տեսակետը` թե մարդու ստեղծած նմանատիպ հայտնագործության 90 տոկոսը վտանգ է ներկայացնում: Կային եւ մարդիկ (25 տոկոս), ովքեր գտնում էին, որ ատոմակայանից որեւէ վտանգ չի սպառնում եւ նշում էին, որ ավելի շատ վտանգ կա հատկապես Երեւանի կենտրոնի բեռնվածությունից:

Վերջում կարեւորենք մի հանգամանք եւս, որ մեր ազգաբնակչության զգալի մասը, հատկապես ամռան օրերին, դժգոհում է առողջությունից` դրանց պատճառները հիմնականում կապելով մթնոլորտային աղտոտվածության եւ մագնիսական դաշտի հետ:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4