Զագրեբում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից ձեռնունայն տուն վերադարձան մեր ձյուդոյիստները: Տատամի դուրս եկած մեր 5 ձյուդոյիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել:
Առավել հաջող հանդես եկավ մինչեւ 60 կգ քաշային Արթուր Սրապյանը, որը գրավեց 5-րդ տեղը: Մեր ձյուդոյիստը առաջին գոտեմարտում հաղթեց լեհ Մարչին Իրեկին, որը նախորդ փուլում պարտության էր մատնել իսպանացի Ալեքս Տիմոնեդային: 1/8 եզրափակիչում Արթուրի մրցակիցը չեխ Պավել Պետրիկովն էր: Հայ ձյուդոյիստը չկարողացավ հաղթահարել մրցակցի դիմադրությունը եւ պարտություն կրեց: Ի վերջո, Պետրիկովը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն` եզրափակիչում առավելության հասնելով իտալացի Էլիո Վերդեի նկատմամբ:
Իսկ Արթուրն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Առաջին գոտեմարտը նա շահեց Էստոնիան ներկայացնող Էյնուր Ալիեւից, ապա հաղթեց բելառուսցի Կիրիլ Հուբիչին: Ցավոք, բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում Սրապյանը պարտվեց ռուսաստանցի Մուրադ Աբդուլաեւին եւ զրկվեց պարգեւից:
Մինչեւ 66 կգ քաշային Համբարձում Տոնոյանը եւս հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ եւ իրավունք ստացավ վիճարկելու բրոնզե պարգեւը: Նա նախ հաղթեց գերմանացի Ֆիլիպ Դանին, ապա պարտության մատնեց ուկրաինացի Սերխի Դրեբոտին: Քառորդ եզրափակիչում հայ ձյուդոյիստը պարտվեց ադրբեջանցի Էմիլ Հասանովին: Բրոնզե պարգեւի համար մրցավեճում առաջին իսկ գոտեմարտում Տոնոյանը զիջեց իսպանացի Դավիթ Ռամիրեզին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Մինչեւ 73 կգ քաշային կարգում Ռոբերտ Վարդանյանը առաջին իսկ գոտեմարտում զիջեց բելառուսցի Ալեքսեյ Շուաշինին ու դուրս մնաց հետագա պայքարից: Հակոբ Առաքելյանն էլ (մինչեւ 90 կգ) առաջին գոտեմարտում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Զաֆար Մահմադովին:
Կանանց մրցապայքարին Հայաստանից մասնակցեց Անուշ Հակոբյանը, որ հանդես էր գալիս մինչեւ 57 կգ քաշային կարգում: Նրա ելույթն էլ անհաջող էր: Առաջին գոտեմարտում նա պարտվեց Հոլանդիայի ներկայացուցիչ Միշել Դիմերին եւ դարձավ հանդիսատես:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ