Իսպանիայի հավաքականը 3-րդ անգամ նվաճեց թենիսի Դեւիսի գավաթըՙ եզրափակիչում 3-1 հաշվով պարտության մատնելով Արգենտինայի թենիսիստներին: Թեեւ իսպանացիների կազմում բացակայում էր նրանց առաջատար Ռաֆայել Նադալը, արգենտինացիներին չհաջողվեց օգտվել դրանից:
Հաշվի առնելով Նադալի բացակայությունը եւ այն, որ արգենտինացիները վերջին 10 տարիներին Դեւիսի գավաթի խաղարկությունում սեփական հարկի տակ անցկացրած 13 հանդիպումներում չէին պարտվել, շատերը նախապատվությունը տվել էին Արգենտինայի հավաքականին: Սակայն Դավիթ Նալբանդյանն ու նրա խաղընկերները չարդարացրին սպասելիքները: Նալբանդյանն առաջինը կորտ դուրս գալովՙ իր թիմին անդրանիկ միավորը պարգեւեց: Նա պարտության մատնեց Դավիթ Ֆեռերին (6-3, 6-2, 6-3): Երկրորդ մրցախաղում իսպանացի Ֆելիսիանո Լոպեսն առավելության հասնելով Խուան Մարտին դել Պոտրոյի նկատմամբ (4-6, 7-6, 7-6, 6-3), վերականգնեց հավասարակշռությունը: Հաջորդ երկու մրցախաղերը եւս ավարտվեցին իսպանացիների հաղթանակով: Զուգախաղում Վերդասկոն ու Լոպեսը հաղթեցին Կալյերի-Նալբանդյան զույգին (5-7, 7-5, 7-6, 6-3), իսկ մենախաղում Վերդասկոն պարտության մատնեց Ակասուսոյին 5 խաղափուլանոց չափազանց լարված մրցապայքարում (6-3, 6-7, 4-6, 6-3, 6-1):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ