«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆՙ ՆՈՐ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ

Ուրբաթ օրը եկեղեցական օրհնությամբ պաշտոնապես բացվեց Հրազդան քաղաքի երիտասարդական կենտրոնը, որի վերանորոգումը եւ կահավորումը ֆինանսավորել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը:

Կենտրոնում Հրազդանի երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու համակարգչային ու շախմատի դասընթացների, օգտվելու գրադարանից, ինչպես նաեւ լայն ու ընդարձակ սրահից, որը նախատեսված է սեմինարների, դասախոսությունների ու քննարկումների համար:Գասպար Կարապետյանը, որը Հունաստանի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչն է, իր խորին շնորհակալությունն է հայտնում Հունաստանի կառավարությանը, «Արամազդ» ՀԿ-ին, որոնք իրագործել են կենտրոնի բարեկարգման աշխատանքները:

Ինչպես նշեց Գ. Կարապետյանը, նման ծրագրեր իրականացվելու են նաեւ Երեւանից դուրս գտնվող այլ վայրերում: Հունաստանի Հանրապետությունը 2 ամիս առաջ ներդրումներ է արել նաեւ Նոյեմբերյանում. տեղի համայնքների բնակիչները հնարավորություն կունենան, ինչպես ժամանակին գրել էր մեր թերթը, 200 տոննա տարողությամբ սառնարանում թարմ պահելու իրենց բերքն ու բարիքը:

Հայաստանում Հունաստանի դեսպանԻոաննիս Կորինտիոսիխոսքերով, կենտրոնի վերանորոգումը բազմաթիվ այն ծրագրերից է, որ Հունաստանի կառավարությունը իրականացնում է Հայաստանում. «Սա կուրախացնի Հունաստանի ժողովրդին, որ ինչ-որ բանով կարողացան օգնել Հրազդանի բնակիչներին: Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները գերազանց են: Քաղաքական, ռազմական եւ մշակութային բնագավառում շատ վաղուց են մեր միջեւ ստեղծվել գերազանց կապեր եւ շարունակում են այդ կապերը զարգանալ»:

Կրթության եւ գիտության նախարարՍպարտակ Սեյրանյաննէլ իր հերթին համոզված է, որ կենտրոնը հնարավորություն կտա երիտասարդներին ստանալու բարձր գիտելիքներ. «Նմանօրինակ կենտրոնները տեղավորվում են ՀՀ կառավարության ծրագրերի մեջ. ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի մեր երկիրը կարողանա կառուցել գիտելիքահենք տնտեսություն: Գիտելիքահենք տնտեսություն կառուցելու գլխավոր ռեսուրսը գիտելիքներ ունեցող երիտասարդ մասնագետներն են: Նմանատիպ կենտրոններ պետք է ստեղծել առաջին հերթին հեռավոր շրջաններում: Ուրախ կլինեմ, որ երիտասարդները նման կենտրոններում կարողանան բարձրացնել իրենց հիմնախնդիրները եւ հուշեն կառավարությանը, թե իրենց խնդիրների լուծման ճանապարհը ինչպիսին է»:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարԱրթուր Պողոսյանըտեղեկացրեց, որ 2009-ին եւս 4 նմանատիպ կենտրոններ են բացվելու ավելի փոքր համայնքներում:

«Նմանատիպ կենտրոնները ռեսուրս կենտրոններ են երիտասարդների համար: Եվ այս կենտրոնի հնարավորություններից պետք է օգտվեն բոլոր երիտասարդները: Շնորհակալություն «Արամազդին», Հունաստանի կառավարությանը այս լավագույն նախաձեռնության համար», նշեց Արթուր Պողոսյանը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավորՌուզան Առաքելյանը: Վերջինիս համար օրը նույնպես հիշարժան էր. «Խոսում ենք երիտասարդների խնդիրների մասին, մտահոգությունների մասին, թե ի՞նչն է խանգարում, որ մեր երիտասարդները մնան մեր հայրենիքում, իրենց լիարժեք քաղաքացիներ զգան: Այս մտահոգությունները կփարատվեն, եթե նմանատիպ գործերով մեր երիտասարդության համար այսպիսի կենտրոններ բացվեն»:

Նշենք, որ այսօր Երեւանում Հունաստանի կառավարությունը բացելու է սննդամթերքի ախտորոշման ապահովության լաբորատորիա, իսկ մեկ այլ երիտասարդական կենտրոն` Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Հրազդան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4