Ոստիկանության կենտրոնի քննչական բաժնում շարունակվում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ «Արմենպրեսի», նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներՙ դեպքի վայրի հարակից տարածքներում գտնվող շենքերի բնակիչները, կրպակների, հանրային նշանակության օբյեկտների աշխատակիցները: Դեպքի վերաբերյալ գրավոր զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, որը ականատես էր եղել լրագրողի նկատմամբ կատարված բռնությանը: Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում կազմվել է կատարված հանցագործության մասնակիցներից մեկի նկարագիրը, պարզվել ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում այդ անձին, մյուս հանցակիցներին, ինչպես նաեւ ականատես վկաներ հայտնաբերելու: